ԱԻՆ- ում բացվեց սերվերային կենտրոն. սա արտակարգ իրավիճակում կառավարման միջոց է


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների ուղեկցությամբ այսօր այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ մասնակցել է գերատեսչության սերվերային պահուստային կենտրոնի բացման արարողությանը։ Տարերային աղետի կամ նախարարություններից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում պահուստային սերվերային կենտրոնի միջոցով հնարավոր կլինի տվյալ նախարարությունը ղեկավարել այս կենտրոնից։ Վարչապետի գլխավորությամբ հյուրերը շրջել են ԱԻՆ ստորաբաժանումներով։ Կառավարության ներկայացուցիչները ներկա են գտնվել ցուցադրական վարժանքներին, ծանոթացել նոր ձեռք բերված տեխնիկային, նորարարություններին։ Մի խումբ երիտասարդ փրկարարներ անձամբ ՀՀ վարչապետից ստացել են նաեւ սպայական կոչումներ։
Արտակարգ իրավիճակների նախարությունում արտակարգ իրավիճակ է հայտարարված, բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները կազմ պատրաստ սպասում են կառավարության ղեկավարին և նախարարական կազմին։ Նախարար Արմեն Երիցյանն ասում է, որ վարչապետը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է այցելում նախարարություն, հետևաբար՝ պետք է տեսնի տարիների իրականացրած աշխատանքների արդյունքները։
Հովիկ Աբրահամյանն արդեն նախարարության բակում է: Նախարարի ուղեկցությամբ ու կառավարության անդամների հետ միասին նրանք շրջում են ստորաբաժանումներով, իսկ արդեն բակում կառավարության անդամներին ներկայացվում է ձեռք բերված տեխնիկան,անցկացվում են ցուցադրական վարժանքներ: Արմեն Երիցյանը ասում է, որ այսօրվանից ԱԻՆ-ում գործելու է սերվերային պահուստային կենտրոն: Նախարարի խոսքով՝ եթե լինի աղետ և նախարարություններից որևէ մեկը, այսպես ասած, շարքից դուրս գա, ապա պահուստային սերվերային կենտրոնի միջոցով այդ նախարարությունը կարող է ղեկավարվել: Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ Արցախում կառուցում են ճգնաժամային կառավարման կենտրոն:
Կառավարության նիստերից մեկում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը առաջարկել էր նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերին հնարավորություն տալ բանակի հետ ծառայություն իրականացնել սահմանում: Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նույնպես մասնակցում էր այս ուսումնավարժանքին, նշում է, որ ուժային կառույցները ամենաօրյա համագործակցություն են իրականացնում։ «Ես իրոք հպարտ եմ, որ մենք ունենք նման նախարարություն, որն ամեն վայրկյան մեր քաղաքացիների կողքին է, ինչը մեզ համար կարևոր է՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը»։
ԱԻ նախարաության աշխատանքներով տպավորված է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ԱԻՆ-ի աշխատակիցները պատրաստ են հարկ եղած դեպքում կանգնել բանակի կողքին։ «Մենք նրանց հետ միասին միջոցառումներ ենք իրականացնում սահմանամերձ բնակավայրերի քաղպաշտպանության խնդիրներն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ուժային կառույցներն ավելի լավ են մեկը մյուսին հասկանում և պատրաստ են ցանկացած դեպքում մեկը մյուսին աջակցել»։