Հասարակություն

Ագրարային համալսարանն ու ՕԵԿ- ը վիճում են տարածքի շուրջ. երկուսն էլ դիմել են դատարան

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՕԵԿ-Ագրարային համալսարան տարաձայնությունը նոր թափ է հավաքում: Երկու կողմերն էլ շարունակում են պնդել  հարակից տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, երկու կողմերն էլ միմյանց սպառնում են դատարանով, երկու կողմերն էլ վստահեցնում են, որ իրենց գործողություններն ունեն փաստաթղթային հիմք, երկու կողմերն էլ իրենց հերթին հանդես են գալիս հայտարարություններով ու ապօրինի քայլերից զերծ մնալու կոչերով:

Ով է ճիշտ, ով սխալ, ում է պատկանում պետական Ագրարային համալսարանին կից 262 քմ տարածքն, ու ով ինչպիսի իրավունքներ ունի դրա նկատմամբ: Հարցերը հստակ են, պատասխաններն` իրարամերժ: Պարզվում է` նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է թե Հայաստանի պետական ագրարային համալսարանին, թե «Օրինաց երկիր» կուսակցությանը, բայց մի թույլտվությունը` կառավարության կողմից, մյուսը` քաղաքապետարանի` ի դեմս Երվանդ Զախարյանի:

Բավական չէ, որ պետական երկու կառույցների որոշումներն են միմյանց հակասում են ու մեկը տրվել է մյուսի տրված լինելը հաշվի չառնելով, մյուս կողմից էլ ՕԵԿ-ն ու ագրարային համալսարանն են ժամանակին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտել: Հիմա ագրարային համալսարանի ղեկավար կազմը դատարանում վիճարկում է Երվանդ Զախարյանի որոշումը, որով մի տարածքը երկու սեփականատիրոջ է բաժին դարձրել. տեղեկացնում է ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: «Ես չեմ ուզում այսօր ասել` դա օրինական է, թե անօրինական, կա հատկացում, կա կադաստրային գրանցում, մենք դա ընդունում ենք, ու բնական է, որ դիմել ենք դատարան` քաղաքապետի որոշումը չեղյալ համարելու խնդրանքով, քանի որ դա հակասում է բոլոր օրենքներին` եւ հողային օրենսգրքին, եւ բուհերի մասին օրենքին, եւ ՊՈԱԿ-ի մասին օրենքին»:

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը մի փոքր ետ է գնում ու հիշում ՕԵԿ-Ագրարային համալսարան վեճի նախապատմությունը: Նա փաստեր բերեց, որ դեռ խորհրդային տարիներից է շենքը փոխանցվել համալսարանի տնօրինությանը: Հետո` 2004-ին, ՕԵԿ-ն է դիմել խնդրանքով`իրեն հող հատկացնել կուսակցության գրասենյակի համար: Քաղաքապետ Զախարյանն էլ 2008-ին հատկացրել է տարածք` համալսարանին պատկանող ավտոտեխսպասարկման կետի մի մասը, ու հատկացման մասին որոշումն ամենաուղիղ կերպով հակասել է կառավարության որոշմանը:

Վիճելի տարածքի երկու սեփականատերերը տարիներ շարունակ խաղաղ հանդուրժել են այս վիճակը մինչեւ այն պահը, երբ վերջերս ՕԵԿ-ը եկել ցանկապատել է տարածքը, սկսել քանդել, շինարարություն նախաձեռնել: Բուհի ղեկավարությունը պնդում է, որ իրենց անգամ այդ տարածք չեն թողնում մտնել, ավելին` ՕԵԿ-ն իրեն իրավունք է վերապահում կառուցապատել նշված տարածքից գրեթե կրկնակի ավելին` 262 քմ-ի փոխարեն միանգամից 452 քմ: Հավելյալ տարածքը ագրարայինում չեն վիճարկում, դա իսկապես ՕԵԿ-ինն է, ասում են, վիճելին այժմ նշված 262 քմ-ն է:

Ժամանակին հենց այս տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցապատմանը բուհն, այո, տվել է համաձայնություն, ասում է Պարույր Էֆենդյանն ու շեշտում` բայց պայմանով, այն էլ` միանգամից 4: «Մասնավորապես, այս տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցվելիք շենքի նախագիծը պետք է համաձայնեցվի ագրարային համալսարանի հետ, պետք է նաեւ ընդհանուր տարածք լիներ` 36 մետր երկարությամբ, որտեղ կտեղակայվեր ագրարայինի լաբորատորիան` այդպես էր խոստացել ՕԵԿ-ը, եւ ամենակարեւորը` համաձայնությունը պետք է կնքվեր միայն կառավարության համաձայնությամբ»:

Հիմա առջեւում նոր ուսումնական տարի է, իսկ ՕԵԿ-ի ձեռնարկած շինաշխատանքները թույլ չեն տալիս բուհին` Համաշխարհային բանկի կողմից ձեռք բերված մեքենա-սարքավորումները տեղակայելու համար օգտագործել նույն այդ տարածքը:

ՕԵԿ քաղխորհուրդն իր հերթին է հանդես գալիս հայտարարությամբ` իրենք ունեն համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու իրավունք, նաեւ` դա վկայող պաշտոնական փաստաթղթեր, սակայն Ագրարային համալսարանի ղեկավարությունը դա հաշվի չառնելով, եւ ինքն է գնում, եւ ուսանողությանն է դրդում հակաօրինական գործողությունների:

Ծրագրված խուլիգանական հարձակման հետեւանքով, ըստ նույն հայտարարության, մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Տարածքը շրջափակող ցանկապատն ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի վրա նետելու հետեւանքով Մարգարյանն անգամ տեղափոխվել է հիվանդանոց: Եւ մինչ ընթանում է դատական գործընթացը՝ Աբովյան 43-1- Տերյան 74 հասցեն շարունակում է մնալ տարաձայնությունների կիզակետում։

Ցուցադրել ավելի
Back to top button