ԿարևորՏնտեսական

ՌԴ դեմ պատժամիջոցներն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա. կառավարության նիստում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա հաստատած որոշումներից մեկի համաձայն՝ բանկերը պարտավոր կլինեն քաղաքացուն տույժ վճարել, եթե արգելանք են կիրառում նրա բանկային հաշվի վրա անհարկի ավելի չափով: Արդարադատության նախարար Հավհաննես Մանուկյանն այսօր զեկուցել է` բանկերն իրավասու են արգելանք կիրառել հաշվի վրա այն չափով, որքան հաստատված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Հիշեցնենք՝ վերջին շրջանում քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ էին ստացվում, որ առանց իրենց պատշաճ իրազեկման՝ իրենց բանկային հաշիվները սառեցվել են: Սա հատկապես մեծ խնդիր էր արձակուրդն արտերկրում անցկացնողների համար, ովքեր փաստացի զրկվում էին իրենց քարտերց օգտվելու հնարավորությունից: Այսուհետ նման բոլոր դեպքերում բանկը քաղաքացուն ամեն օրվա համար տվյալ գումարի 0.1 տոկոսի չափով տուգնաք կվճարի: «Հարցը պետք է անհետաձգելի համարել և շտապ կյանքի կոչել»,-հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ցորենի բերքը չորս տարում ավելացել է 85 տոկոսով
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մարզերին ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրի արդյունքներից ու նոր անելիքներից խոսեց գյուղատնտեսության նախարարը: Սերմացուի նոր խմբաքանակ կա, առաջնահերթ կբաշխվի կարկտից տուժած գյուղացիներին: Ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, ու Սերգո Կարապետյանն արձանագրում է` ծրագրի իրականացումն առանց թերությունների չեղավ, բայց կտրուկ՝ մոտ 48 տոկոսով, բարձրացավ մեկ հեկտար ցորենի ցանքի բերքատվությունը։

Մինչեւ 2010 թվականը հացահատիկի ցանքերը երկրում գնալով պակասում էին, դրանից հետո ծրագրի արդյունքում դրանք ավելացել են 18.4 տոկոսով: Ցորենի ընդհանուր բերքն էլ ավելացել է ավելի քան 85 տոկոսով: «Բայց համայնքներում դեռ պահ տված ցորենի սերմացու կա: Եթե հիմա չիրացվեց, գարնանը պետք է փորձ արվի իրացնել»,-ասաց Սերգո Կարապետյանը: «Գյուղացին ժամանակին պահանջարկ է ներկայացրել, ներկրել ենք, բայց հետո չեն ցանկացել ձեռք բերել, մնացել է,- բացատեց գյուղնախարարը»։

Եթե պետք է մնա փչանա, գոնե բաժանեք գյուղացիներին, տարակուսեց վարչապետն ու շեշտեց` պետք է գյուղացիների վրայից դուրս գրել ցորենի սերմացուի պարտքն այն դեպքում, երբ գյուղացին բերք չի ստացել սերմի որակի պատճառով։ «Էնպես չէ, որ հիմա տանք մարզպետերին ու մենք ձեռքներս ծալենք: Պիտի հետեւենք, որ բաժանեն գյուղացիներին: Պետք չի պահեն իրենց մոտ որ փչանա: Հետո գալու եք, ասեք` բերեք դուրս գրենք: Ավելի լավ է` տանք գյուղացիներին, օգտագործեն»,- ասաց։

Տարին աննախադապեպ սակավաջուր է, ասում է Ջրպետկոսի նախագահը
Սևանա լճից ոռոգման նպատակով այս տարվա ջրառի ծավալը հասցվեց 270 մլն խմ-ի: Այս տարի արդեն 240 մլն խմ ջուր է վերցվել: «Տարին աննախադապեպ սակավաջուր է»,- շտապեց հիմնավորել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Կառավարությունից հարցին արձագանքողներ չեղան, իսկ որոշման հաստատումից անմիջապես առաջ նիստի դահլիճից հարց բարձրացրեց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Դա լուրջ հարված է Սեւանին։ Կլիման տարեցտարի փոփոխվում է, ջրի խնդիր միշտ է առաջանում, ու ամեն տարվա որոշումները վտանգում են Սեւանը: Հարցը հատուկ ուշադրության կարիք ունի»,-շեշտեց բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: Անդրեասյանը հակադարձեց` ջրառի ավելացումը չի վնասում Սեւանին: Լճի մակարդակը, ըստ նրա, տարեսկզբի ցուցանիշից ջրառով հանդերձ 20 սմ-ով էլ ավելի է` 1900 մ 36 սմ:

Բանավեճին միջամտեց վարչապետը: «Գյուղացուն ջուր չտալ չեմ կարող,- հայտարարեց,- Հարց չունենք, եթե կա անհրաժեշտություն, նորից քննարկենք, բայց Սեւանին սպառնացող այնպիսի խնդիր չեմ տեսնում, որն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում լինի: Հնարավորինս փոքր ռեսուրսով փորձում ենք հարց լուծել, բայց, իմ կարծիքով, մենք իրավունք չունենք գյուղացիներին ջրով չապահովել»։

Կկառուցվի նոր էլեկտրակայան
«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ»- ը Հայաստանում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կկառուցի: Նախնական ծրագրով էլեկտրակայանը շուրջ 600 մլն դոլար ներդրումային արժեք կունենա։ Կառուցողն ինքն է պատրաստ ամբողջությամբ ֆինանսավորել կառուցումը` ակնկալելով ՀՀ կառավարության աջակցությունը մի շարք հարցերում` գազի երաշխավորված ծավալների մատակարարում, անհրաժեշտ թույլտվություններ, կայանների կառուցման համար հողատարածքների հատկացում եւ այլն: Որոշման հաստատումը վարչապետը հիմնավորեց նաեւ նրանով, որ այստեղ մեր կառավարությունը որեւէ ռիսկ չի կրում։ «Շատ արդյունավետ նախագիծ է: Արտադրված հոսանքն արտահանելու ենք, ու արտահանման հարցը եւս մնում է այս ընկերության վրա»,- ասաց։

Հայաստանն սպասում է Բելառուսի եւ Ղազախստանի հավանությանը
Եվրասիական Միությանն անդամակցությունն ինչ փուլում է: Արդեն նիստից հետո, օգտագործելով էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման հնարավորությունը, հետաքրքրվեցին լրագրողները: Կարեն Ճշմարիտյանը դժվարությամբ, բայց կանգ առավ միջանցքում ու պատասխանեց՝ ռուսական կողմի հավանությունն արդեն կա:

Ըստ ընթացակարգի` Բելառուսն ու Ղազախստանն էլ դեռ պետք է համաձայնություն տան մեր երկրի անդամակցությանը: Երբ կլինի, նախարարը դժվարացավ պատասխանել, «Մեկ երկու օրվա հարց չէ հաստատ»,- ասաց: Էկոնոմիկայի նախարարը դժվարանում է կանխատեսել նաեւ, թե ինչպես կազդեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա:

Փոխարենը՝ լիահույս է` ռուսական շուկան հայաստանյան արտադրության գյուղմթերքի առջև ավելի բաց կլինի: Հատուկ խորհրդակցության ժամանակ հստակ հանձնարարականներ կան` ընդլայնել արտահանվող ապրանքացանկը։ «Պատժամիջոցների տակ գտնվող 57 անուն ապրանքներից 37-ը Հայաստանն արտահանում է ընդհանրապես, իսկ 31-ը` հենց ՌԴ: Մոտ 84.5 մլն դոլարի արտահանում է արվում, որից 67 մլն-ը` հենց Ռուսաստան»,- ասաց։

Երեւանում կբացվի Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ
Երևանում Ռուսաստանի ամենամեծ բուհի` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ կբացվի: Կառավարությունը հաստատեց համաձայնագրի կնքման առաջարկը: Առաջիկա մեկ ամսում պետք է հստակեցվեն ֆինանսավորմանը, ուսանողական նպաստներին, վճարովի ու անվճար տեղերին առնչվող հարցերը։

Բողոքի ցույցեր կառավարության շենքի մոտ
Իսկ կառավարության շենքի դիմաց արդեն որերորդ անգամ բողոքի իրենց ակցիան էին անցկացնում «Տոնուս քնսթրաքշն» ընկերության շահառուները, որոնք ընկերության կառուցած բնակարանները գնել են, սակայն մինչ օրս այդպես էլ չեն ստացել: Նրանք շարունակում են ակնկալել կառավարության միջամտությունը հարցին: Կառավարության ու կառավարության միջոցով միջազգային հանրության օգնությունն են խնդրում նաեւ հայաստանաբնակ եզդիները: Մի քանի տասնյակ եզդիներ այսօր հրապարակում պաստառներ էին պարզել իրենց ազգակիցների երեխաների հոշոտված նկարներով ու խնդրում են օգնել վերջ տալ ցեղասպանությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button