Քաղաքական

Մոսկվան շահագրգռված է, որ արյուն չթափվի, ասում են ռուս քաղաքագետները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին` ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք հայտնեց, որ 90-ականներին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններն այսօր նույնությամբ եւ ավելի մեծ մասշտաբներով կրկնվում են Ուկրաինայում: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին` ռուսաստանցի փորձագետը բարձր գնահատեց Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացման ժամանակ հայկական զինուժի մարտունակությունը։

Թե Վլադիմիր Եվսեւեը, թե Անդրեյ Արեշեւը հույս հայտնեցին, որ Ռուսաստանն առավել մեծ ակտիվություն եւ ինքնուրույնություն կդրսեւորի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եթե կան մադիկ, ովքեր կասկածում են, որ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել իր դաշնակցին անգամ այն պարագայում, երբ ձգվում է Ուկրաինական ճգնաժամը, ապա նրանք չեն կարողանում համարժեք գնահատել իրավիճակը, շեշտեց Վլադիմիր Եվսեեւը։

Իր հերթին ՌԴԳԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը նկատեց, որ փորձագիտական հանրության մեծամասնությունը պնդում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործում են ընդհանուր պատկերացումներից ելնելով: Արիշեւի խոսքով, սակայն, վերջին սահմանային միջադեպերը թույլ են տալիս խորհելու՝ արդյո՞ք դա այդպես է։

Ռուսաստանցի քաղաքագետի դիտարկմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները ԼՂՀ շրջակա տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին պետք է դիտարկել որպես Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա համակարգային ճնշում գործադրելու քայլ։ «Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջերին օգոստոսի սկզբներին շփման գծում, բավականաչափ լուրջ էր, առաջին հերթին՝ զոհերի թվի տեսանկյունից: Իհարկե, այդ արյունալի սադրանքները մտահղացողներն ու կազմակերպողները տարբեր դրդապատճառներ կարող էին ունենալ: Մեկը, հնարավոր է, ցանկանում էր հասնել քարոզչական էֆեկտի: Հնարավոր է՝ դա հայկական կողմերի վրա համակարգային ճնշման եւ հայկական իշխանություններին արտաքին քաղաքական ուղղության որոշակի սրբագրում մատնանշելու տրամաբանական շարունակությունն է»։

Ռուսաստանցի քաղաքագետի ձեւակերպմամբ՝ ամեն դեպքում, դա չաշխատեց, չէր կարող աշխատել, քանի որ ակնհայտորեն հայկական կողմն ամբողջությամբ պատրաստ դուրս եկավ։

Քաղաքագետ Անդրեյ Արեւշեւի ձեւակերպմամբ՝ լարվածության մեղքը ռուսական կողմի վրա բարդելու փորձերը կշարունակվեն: Մինչդեռ «խոսակցությունները, թե ՌԴ-ն՝ ԼՂ խաղաղապահներ մտցնելու մտադրություն ունի, անհեթեթ են»։

Մոսկվան շահագրգռված է, որ արյուն չթափվի, քանի որ սրացումն առաջին հերթին ակնհայտորեն բացասաբար կազդի Ռուսաստանի վրա, շեշտեց ռուսաստանցի փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button