ԿարևորՔաղաքական

Կարեն Պետրոսյանի դին չհանձնելու դեպքում հայկական կողմը կդիմի Եվրոպական դատարան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ ռազմագերի Կարեն Պետրոսյանի մահը ադրբեջանական կողմի բարբարոսության արդյունք է, — լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: «Բոլորս էլ գիտենք, որ Կարեն Պետրոսյանն առողջական խնդիրներ չի ունեցել սահմանը հատելիս, նա մահացել է խոշտանգումների արդյունքում: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ձգձգում է դիակի փոխանակման գործընթացը, որպեսզի Կարենի մարմնի հետքերը սպիանան, և նրա մահը կարողանան ներկայացնել իբրեւ սրտի կանգի արդյունք»,- նկատել է ՊՆ-ին կից գործող հանձնաժողովի ներկայացուցիչը։

Զարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ դեռևս 90- ականներից գերիների փոխանակման հարցերով զբաղվող հանձնաժողովն անում է ամեն ինչ, որ կարողանա վերադարձնել յուրաքանչյուր ռազմագերու, վատագույն դեպքում` նրանց մարմինները: Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով` գործընթացներն ու պայմանավորվածությունները սովորաբար ադրբեջանական կողմը տապալում է կամ չմասնակցելով բանակցություններին, կամ չներկայանալով սահմանագոտում փոխանակումներին։ «Ադրբեջանցիները միշտ էլ խուսափել են բանակցություններից, ամեն անգամ նրանք պայմանավորվել են, որ կգան, և այս անգամ ևս խախտել են իրենց պայմանավորվածությունը։ Կարեն Պտրոսյանի դեպքը միակը չէ»։

Զարինե Հակոբյանը համաձայնեց դիտարկման հետ, որ գերիների փոխանակման հարցում հայկական կողմը միշտ ավելի բարեխիղճ է գտնվել և որպես կանոն, հակառակորդին տվել է ավելի շատ ռազմագերի, քան՝ ստացել: Նա նաև կարծիք հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները, ի դեմս Կարմիր խաչի, այս դեպքում ակնհայտ պասիվություն են ցուցաբերել` չկատարելով իրենց պարտավորությունները, այն է` կենդանի վերադարձնել գերի ընկած քաղաքացուն։

Բանախոսը շեշտեց, որ եթե Կարեն Պետրոսյանի դին հանձնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից արձագանք չեղավ, իրենք համապատասխան դիմումները կուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՊՆ-ին կից գործող հանձնաժողովի անդամն այսօր անդրադարձավ նաեւ տևական ժամանակ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխման խնդրին` նշելով, որ դեռևս որևէ երկիր չի արձագանքել հայ ռազմագերուն ապաստան տալու հայցին։

Նշենք նաեւ, որ Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու ԱԳՆ արձագանքի մասին մամուլի հրապարակումներին ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»- ին ասել է, որ «սպանության օրն իսկ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը: ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցներն ու համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին»,– հայտարարել է արտգործնախարարության մամուլի խոսնակը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button