Հասարակություն

Առաջարկն է որոշում պահանջարկը… նաեւ որսագողության

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Աշխարհի շատ երկրներում, որոնց կենդանական աշխարհը հարուստ է, որսը տնտեսության մեջ որոշակի եկամուտ ապահովող ճյուղ է։ Հայաստանը թեև այդքան էլ հարուստ չէ որսատեսակներով, սակայն «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը կարծում է, որ մեր տնտեսության եկամտի մի մասն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել որսորդական տնտեսություններ, այնտեղ կազմակերպել վայրի կենդանիների բուծումը:

Հայաստանում կան նաև կենդանատեսակներ, որոնց որսն արգելված է: Դրանք են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, կովկասյան գորշ արջը, հովազը և այլն: Դրանք Կարմիր գրքում գրանցված անհետացող կենդանատեսակներ են։ Էդուարդ Սարիբեկյանը նշում, որ թեեւ հսկողությունը բարձր մակարդակի վրա չէ, սակայն եղած պայմաններում հնարավորինս ապահովվում է։ Վերոնշյալ կենդանատեսակների վերահսկողությունը ծախսատար է, մեր երկիրն էլ հնարավորություն չունի դրանք լուծելու։

Եթե նախորդ տարիների հետ համամետ ավելացել է բեզորյան այծի քանակը, ապա դրան հակառակ տարեց տարի պակասել են թռչունները` լորը, կտցարները, ջրլող թռչունները, փոխարենն ավելացել են ագռավներն ու կաչաղակները:

Դեռևս երկու շաբաթ կա որսաշրջանի բացմանը, սակայն արդեն նկատվում են որսագողության դեպքեր, ասում է Սարիբեկյանը։ Ռեստորանային համալիրներում համադամ խորտիկների ցուցակում է նաև վայրի լորի միսը: «Իմ կարծիքով՝ դա ուղղակի բարբարոսություն է: Եվ կոչ եմ անում, եթե որևիցե մեկը նկատում է, անպայման ահազանգեք, բնապահպանության նախարարությունը պետք է դրան օպերատիվ արձագանքի, որովհետև դա բոլորի շահերից է բխում»,- ասում է։

Սևանում կատարվող որսագողությունը գաղտնիք չէ ոչ մեկին, ասում է Սարիբեկյանը՝ նշելով, որ ամենուր կարելի է հանդիպել սիգ ձկնատեսակի վաճառքի: «Օրինավոր որսի» ակումբի անդամը նշում է, որ եթե սպառողը չձևավորի պահանջարկ՝ առաջարկը կմեռնի։ «Ես իմ ընկերներին, ձեզ էլ կոչ եմ անում, եթե անգամ շատ էժան են վաճառում սիգը, խնդրում եմ չգնել: Էդ մարդիկ կտեսնեն, որ սիգը չի վաճառվում, չեն բռնի, կամ գոնե քիչ կբռնեն։

Սևանի նախկին պատկերին վերադառնալու համար անհրաժեշտ է թողնել, որ լիճը մի քանի տարի շնչի, կարծում է որսորդը:

Ցուցադրել ավելի
Back to top button