Տնտեսական

Աջարիայի ափին հանգստացող հայ զբոսաշրջիկների թիվը նվազել է

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Բաթում

Ամեն տարի Վրաստանի ծովափնյա վայրերում բազմաթիվ հայաստանցիների հանգստյան սեզոնի բացման հետ բացվում է նաև վիրահայերի աշխատանքի շրջանը։ Հայկական համարանիշերով մեքենաներ, հայկական երաժտություն, հայկական խոհանոց. այս ամենով ամառը ավելի կոլորիտային է դառնում Սև ծովի աջարական ափը։

Թբիլիսահայ երիտասարդ Անդրեյը արդեն մի քանի տարի է ամռան այս ամիսներին մեկնում է Բաթումի Ծովափնյա այս քաղաքում նա աշխատում է որպես մատուցող հայտնի սրճարաններից մեկում: Պատմում է, որ ամեն օր հաճախորդների թվում հայեր են լինում, ովքեր հիմնականում առատաձեռն են ու միշտ լավ թեյավճար են թողնում: Անդրեյը խոստավանում է, որ հայ զբոսաշրջիկներին դուր է գալիս, երբ մատուցողը իրենց լեզվով է խոսում. «Այսօր մոտ ութ հոգի էին այցելել, այստեղ հույսը մեր մարդկանց վրա է»,- ասում է:

Թբիլիսահայ երիտասարդը Բաթումում ամռան ամիսներին աշխատելով ոչ միայն լավ գումար է վաստակում, այլև բարելավում է իր հայերենը: Սև ծովի աջարական ափերին հանգստացող հայերի համար վրացիները իրենց սրճարաններ հայ երաժիշտների են նաև հրավիրում։ «Թիֆլիսից ենք եկել ու հայերին սպասում ենք, որ գան մեզ մոտ քեֆ անեն »,- ասում է երաժիշտ Միքայելը։

Իսկ Բաթումի երգող շատրվաններում հնչում է հայկական դասական երաժշտություն. հարյուրավոր զբոսաշրջիկներ, եւ ոչ միայն Հայաստանից։ ամեն երեկո ըմբոշխնում են այն։ Երբեմն այստեղ կատակում են` Վրաստանի արևմուտքում ամռանը պաշտոնական լեզուն հայերենն է:

Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասում է. «Իհարկե, շատ ուրախ կլինեի գոնե ամռան այս երկու ամիսներին այստեղ պաշտոնական երկրորդ լեզուն հայերենը լիներ, բայց այդպես չէ: Փոխարենը կատակով Քոբուլեթին համարում են հայկական զբոսաշրջային երկրորդ քաղաք»։

Նրա փոխանցմամբ՝ տեղի հայերն այս ամիսներին մանր բիզնեսով են զբաղվում: «Վերջերս էլ Բաթումիում մեր հայրենակիցները մեկը մյուսի ետևից բացել են շաուրմանոցներ, որոնք հայ զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավել»:  Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղարը, սակայն, նշում է, որ ռուս-վրացական պատերազմից հետո հայ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է։ «Ես պաշտոնական թվերին չեմ տիրապեում, սակայն չեմ կարող ասել, որ օրինակ հայերով լեփ լեցուն է Բաթումը»։

Ի դեպ՝ ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցյալ տարի օգոստոսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանն առաջինն էր: Իսկ այս տարի զբոսաշրջության ազգային գործակալության առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով երրորդ տեղում է։

Ցուցադրել ավելի
Back to top button