Տնտեսական

Պատժամիջոցներից Հայաստանը կարող է նաեւ շահել, ասում է տնտեսագետը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ներկայումս շատ բարդ է գնահատել, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող գլոբալ պատժամիջոցներից Ռուսաստա՞նն է ավելի շատ տուժելու, թե՞ ԵՄ երկրները, կարծում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։ Վերջին երեք ամիսներին ՌԴ 70 մլրդ դոլար քիչ է մտել: Երկրի տնտեսության համար սա չի կարող ազդեցություն չունենալ: Արեւմուտքից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող գլոբալ պատժամիջոցներին չուշացավ Ռուսաստանի հակադարձումը։ «Արեւմուտքը լուրջ խնդիր էր դրել Ռուսաստանի տնտեսությունը ծնկի բերելու: Ռուսաստանն էլ ոչ պակաս ազդեցիկ քայլով պատասխանեց»,- ասում է նա։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը դժվարացավ կանխատեսել, թե որքան կարող է ներկայիս իրավիճակը շարունակվել: Մի բան, սակայն, ըստ նրա,   հստակորեն կարելի է արձանագրել` ստեղծված իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրների ներքին պաշարները կբավարարեն որոշակի խնդիրներ լուծելու համար։ «Երբ ինչ-որ մի երկրի մոտ, կոպիտ ասած, ներքին ռեզերվը հատի, արդեն ինքը ստիպված է լինելու գնալ փոխզիջումների` ակնկալելով նույնը դիմացի կողմից»։

Այս ամենը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի նաեւ մեր երկրի վրա: ԵՄ երկրներն ու Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերներն են: Տնտեսագետը չի կարծում, թե ինչ-ինչ պայմաններ կարող են ի հայտ գալ եւ ստիպել, որ Հայաստանն իր այս երկու գործընկերների հետ կապերը խզի:  Ամեն դեպքում, տնտեսագետի գնահատմամբ, ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հայաստանի վրա արդեն սեպտեմբերից զգալի կլինի։ «Ազդեցությունն առաջին հերթին բացասական է` տրանսֆերտների նվազում, որոնց ճնշող մեծամասնությունը հենց Ռուսաստանից եւ ԵՄ երկրներից է գալիս: Երբ այս երկրներում տնտեսական խնդիրներ կան, դա չի կարող շրջանցել այդ երկրներից դեպի Հայաստան մտնող տրանսֆերտների ուղղությունը»,- ասում է։

Մյուս կողմից` Հայաստանը կարող է որոշակի դրական արդյունքներ քաղել` հաշվի առնելով, որ ռուսական գյուղմթերքների շուկան որոշակիորեն դատարկվել է, ազատվել մրցակիցներից ու այդ բացը Հայաստանը կարող է որոշակիորեն լրացնել: Տնտեսագետը նկատում է, որ ռուսական շուկան բավականին մեծ է եւ իրական է, որ կոնկրետ քայլերով Հայաստանը մեր գյուղմթերքներն արտահանի այդ շուկա: Դրան, սակայն, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի գնահատմամբ, Հայաստանը կարող է պատրաստվել միայն հաջորդ գյուղատնտեսական տարվա համար:

Back to top button