Տնտեսական

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր պատմամշակութային հուշարձաններով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը շարունակում է զբոսաշրջության ծավալների աճ գրանցել: Զգալիորեն ավելացել է երիտասարդների թիվը, որոնց համար Հայաստանը գրավիչ վայր է։ 2013 թ. հետազոտության տվյալներով` 25-36 տարեկան զբոսաշրջիկներն ընդհանուրի 34 տոկոսն են կազմել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` շեշտելով` մեր երկիրը նաեւ անվտանգ է, հանրային առողջությանը սպառնացող գործոններ չկան: Բացի հնագույն վանքերից ու հրաշալի խոհանոցից` նաեւ դրանով է մեր երկիրը գրավիչ։

Այս տարվա առաջին 6 ամիսներին շուրջ 500 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան` տարեսկզբին կանխատեսվածից ավելի քան 7 տոկոսով ու նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 17,3 տոկոսով ավելի: Այդ ընթացքում 14,8 տոկոսով էլ ավելացել է հանրապետությունից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը: Մեկնողների ու ժամանողների թվերը թեեւ միմյանց մոտ են, բայց բալանսը դրական է` եկողներն ավելի շատ են, նրանց շուրջ 90 տոկոսը` անհատ զբոսաշրջիկներ:

Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, եվրոպական երկրներից Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան դեպի մեր երկիր զբոսաշրջիկների ամենամեծ «մատակարարներն» են, նկատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները տարեցտարի հետաքրքրանում են, ավելի բազմազան դառնում, տարբեր երկրներում արդեն ավելի լավ են պատկերացնում` ինչպիսի երկիր է Հայաստանը:

Շատերը մեր երկրով անցնում են հատկապես համեղ խոհանոցից օգտվելու համար: Հայաստանում նաեւ անվտանգ է, հանրային առողջությանը սպառնացող գործոններ չկան: «Դրան նպաստել է մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը: Բացի մեր եկեղեցիներից, բացի կլասիկ` պատմամշակութային զբոսաշրջությունից, մենք արդեն շատ բաներ ունենք առաջարկելու` եւ քաղաքային զբոսաշրջություն, եւ գյուղական, միջոցառումներ` փառատոներ, համաժողովներ, արկածային զբոսաշրջություն»,- ասում է պաշտոնյան։

Բարենպաստ վիզային ռեժիմը և բաց երկնքի քաղաքականությունը նորովի են ազդել ցուցանիշերի բարելավման վրա: Մեխակ Ապրեսյանը ներկայացնում է` այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 28,7 տոկոսով, ուղևորահոսքը՝ 25,1: Սոցիալական փաթեթն իր հերթին է մի քանի հազարով բարձրացրել զբոսաշրջային ցուցանիշերը: Տարիներով հանգստի մեկնելու հնարավորություն չունեցողների համար սա ձեռնտու տարբերակ էր:

Հիշեցնենք, որ զբոսաշրջային օպերատորների առջեւ պայման կա դրված` սոցիալական փաթեթի շահառուների համար հյուրանոցային ծառայության գինը պետք է որոշակի սահմաններում լինի: Որտեղ են առավել շատ նախընտրում հանգստանալ հայերը: Աշխարհագրությունը փոխվել է, նախասիրությունները` ոչ: Հայերն ամենաշատը ծովային հանգիստ առաջարկող երկրներ են մեկնում` Վրաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Շրի Լանկա, Բուլղարիա: Նվազում է Թուրքիա մեկնողների թիվը:

Տուր-օպերատորներն այսօր առաջարկների ավելի լայն շրջանակ են առաջարկում, բայց նաեւ խնդիրների ռիսկ կա` մի գին առաջարկում են, տեղում` մեկ այլ գին պահանջում: Մեխակ Ապրեսյանն այս առումով հատուկ զգուշացում ունի։ «Իմ խորհուրդը` մեր քաղաքացիներին, կլինի արտագնա, թե ներգնա զբոսաշրջության դեպքում` լինել ուշադիր: Զբոսաշրջիկին փաթեթ վաճառելիս նրա հետ պետք է կնքվի պայմանագիր: Օրենքով սահմանված են պարտադիր դրույթներ, որոնց համաձայն պետք է լինի պայմանագիրը, դրանում պետք է ներառված լինեն գինը, ծառայությունների նկարագրությունը, թե ինչ կարգի հյուրանոցում պետք է գիշերակացն անցկացվի, ինչ տրանսպորտային տեսակից պետք է օգտվեն, ինչ սնունդ է նախատեսված, եթե նախատեսված է»:

Back to top button