ԿարևորՔաղաքական

Ընտանի կենդանին, սպասվող բերքը կամ կահույքը՝ շուտով գրավի առարկա (լրացված)

լրացվել է ժամը 16։33- ին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Նոր կառավարության կազմավորումից հետո իր հարյուրօրյա գործունեությունն է այսօր ամփոփել նաեւ արդարադատության նախարարությունը: Եռամսյա ձեռքբերումներն ու նոր անելիքները ներկայացրել են նախարարի տեղակալները, իսկ նախարարը ներկայացել է հաշվետվության կեսից, տեղ զբաղեցրել լրագրողների շարքում ու իր հերթին սկսել լրագրողների անունից հարցեր տալ։

Վարչական օրենսգրքի՝ երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վերջին բազմաթիվ փոփոխությունները վարորդներին խառնաշփոթի ու երբեմն անախորժ դրության մեջ են գցում: Բողոքները բազմաթիվ են, մեկ վարորդը տեղեկանում է իր գլխին կուտակված տույժերի մասին` առանց կանխավ իմանալու, որ իր անունով խախտման ակտ կա, մեկ էլ անհասկանալի չափերի  տուգանքներ են սահմանվում: Արդարադատության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը պատրաստ է լսել նման բոլոր բողոքները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մանրամասնում է` օրենսդրական նոր փոփոխությամբ նախատեսվում է սահմանել` տուգանքի ակտերն ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, երբ հարկադիր կատարման ակտը հանձնվել է կոնկրետ տվյալ անձին` նրա հետ նախապես համաձայնեցված տարբերակներով` կլինի առձեռն, թե էլեկտրոնային փոստի միջոցով: «Սահմանված է հիմնական կանոն. եթե հանկարծ հարկադիր կատարման փուլում պարզվի, որ ակտը չի հանձնվել անձին, ապա դատական ակտերի հարկադիր կատարման ամբողջ ծախսերը դրվելու են պետական մարմինների վրա»,- ասում է։

35 83 99-ն արդարադատության նախարարությունում գործող թեժ գիծն է: Իսկ 31 91 74 հեռախոսահամարով կարելի է ահազանգել այն դեպքերում, երբ բանկն այս կամ այն դեպքում անհարկի ավելի արգելանք է դրել քաղաքացու բանկային հաշվի վրա: Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսվում է բանկերին նման դեպքերում կոնկրետ տույժերի ենթարկել: Քաղաքացիներին սա այսօր ամենաշատը հուզող խնդիրներից է:

Սպասվում է փոքր ու միջին բիզնեսի շահերից բխող մի փոփոխություն էլ, որը գործարքների ավելի լայն հնարավորություններ պետք է ընձեռի: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը «Ռադիոլուրի» խնդրանքով մանրամասնեց` ըստ այդմ` բանկերն արդեն, անշարժ գույքից բացի, որպես գրավ կարող են ընդունել նաեւ քաղաքացու ընտանի կենդանիները, սպասվելիք բերքը կամ սպասքը, միայն թե կանխավ պետք է գրանցվեն դրանց հանդեպ քաղաքացու իրավունքները, իսկ դրանց կորստի դեպքում ռիսկերը բանկերի հետ պետք է կարգավորվեն պայմանագրերով:

«Այսօր օբյեկտիվ իրականության մեջ գրավի առարկա կարող է դառնալ միայն անշարժ գույքը: Փոփոխությունը հնարավորություն կտա գրանցել իրավունք ցանկացած շարժական գույքի նկատմամբ` սկսած կենդանիներից, ապագայում ձեռքբերվելիք բերքից, սեղան-աթոռից, այսինքն` այն ամենը, ինչը մինչեւ հիմա գրավի ու շրջանառության առարկա չի դարձել: Արդեն հեշտ կլինի դրանք հանձնել վարձակալության, զիջել եւ այլն»,- ասում է փոխնախարարը։

Մինչ այժմ քաղաքացին, օրինակ, երեխայի ծնունդը գրանցելու համար մի շարք պետական մարմինների դուռ էր թակում, սոցիալական մարմիններում գրանցվում, հետո հանրային ծառայությունների համարանիշ ստանում: Սեպտեմբերի 30-ից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր դեպքերում քաղաքացին կարող է օգտվել մեկ միասնական պատուհանից` մեկ քայլով:

Ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ: Արխիվից փաստաթղթեր ստանալը, ամուսնության մասին տեղեկանք վերցնելը, երեխայի ծնունդը գրանցելը օրերի փոխարեն արդեն ժամեր կտեւեն ու էականորեն կհեշտացվեն անգամ արտասահմանում գտնվողների համար, խոստանում է արդարադատության նախարարի մյուս տեղակալը՝ Սուրեն Քրմոյանը։

Նա մեկ այլ կարեւոր փոփոխություն էլ է ներկայացնում` ազատազրկման տեսքով պատիժները սահմանված դեպքերում կփոխարինվեն այլ` այլընտրանքային պատժատեսակներով: Պրոբացիոն համակարգի ներդրումներից ակնկալիքները բարձր են: «Որպես հիմնախնդիր` այս համակարգի բացակայությունը բերում էր նրան, որ մինչդատական փուլում կալանքը չափից շատ էր կիրառվում որպես խափանման միջոց, իսկ դատարանների կողմից ազատազրկման ձեւով պատիժները շատ էին կիրառվում: Հանցագործություն կատարած անձանց սոցիալական ներգրավվածության պահովումն ու այս համակարգի ներդրումը թույլ կտա կանխել կրկնահանցագործությունները»,- ասում է։

Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց բուժծառայության բազմաթիվ խնդիրները նկատի ունենալով` համակարգի բարելավման ծրագիր է մշակվում: Ցմահ ազատազրկվածներին անջատ պահելու պայմանները, տեսակցության ժամերն ու հնարավորությունները եւս կվերանայվեն: Ուղղիչ հիմնարկների տեսակները կավելացվեն: Եվրոպական փորձն է այդպես թելադրում:

Արդարադատության նախարարի մյուս տեղակալը` Արտյոմ Գեղամյանը, օրենսդրական մեկ այլ կարեւոր նախաձեռնությունից էլ է խոսում` նոտարները պետք է գույքային պատասխանատվություն կրեն քաղաքացուն ոչ միայն դիտավորությամբ, այլեւ անզգուշությամբ վնաս պատճառելու համար: Նոտարական ռիսկերն էլ շուտով պարտադիր ապահովագրության առարկա կդառնան: Նոտարի բոլոր ծառայություններից շուտով հնարավոր կլինի օգտվել էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Գտնվելով տանը կամ աշխատասենյակում` քաղաքացին միանգամից կարող է դիմել ու ստանալ նոտարական ծառայություններ` առանց ժամանակի կամ գումարների ավելորդ կորստի»: 

Ասուլիսի կեսից հանդիպմանը միացած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վերջում պատրաստակամություն հայտնեց պատասխանել լրագրողների հարցերին: Դրանք, սակայն, արդեն սպառվել էին:

Ցուցադրել ավելի
Back to top button