Հասարակություն

ԵՊՀ «Վարդանանք» ակումբի արցախյան այցը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օգոստոսից 2- 8-ը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական  դաստիարակության ակումբը «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակներում  այցելել է Արցախ, եղել սահմանում, հանդիպել մեր զինվորների հետ: Արդեն 6 տարի է, ինչ կյանքի է կոչվել այս ծրագիրը, իսկ նպատակը  համալսարանականներին զինվորի կյանքին ծանոթացնելն է: Արցախից վերադարձածները վստահեցնում են, որ նույնիսկ այդ լարված իրավիճակում մեր զինվորների ոգին բարձր էր ու մարտական:

76 ուսանողներ վերջերս են վերադարձել Արցախից, որտեղ հանդիպել  են սահմանապահ զինվորների հետ, զրուցել հերթական անգամ կամավորական ջոկատ կազմած եւ երիտասարդ զինվորներին աջակցության եկած ազատամարտիկների հետ։ Չնայած անցած օրերին անընդհատ խոսվում էր  սահմանի լարված իրավիճակի մասին` սակայն մեր զինվորները անառիկ են պահում հայկական սահմանը, ասում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը։

Մենք այն երջանիկներից ենք, որ կարողացանք այդ դժվարին պայմաններում բարձրացնել զինվորի ոգին  ասում է Արցախյան հերոսամարտի ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի քույրը` Ռուզան Կրպեյանը: Ըստ նրա` յուրաքանչյուր այցը զինվորի համար ոգեւորիչ է, հակառակորդի դեմ մարտնչելու համար՝ անհրաժեշտ:

Համալսարանականներն այցելել են համալսարանական ուսանող ազատամարտիկների շիրիմներին, օթևանել Վանք գյուղում, նրանց ուղեկցել է Կոմանդոսը՝ Արկադի Տեր- Թադևոսյանը։

Ազատամարտիկի ոգին անկոտրում է, ասում է Մանվել Կրպեյանը և հավելում. անընդհատ  կապի մեջ է եղել սահմանապահների հետ, ովքեր վստահեցրել են, որ թշնամին լռել է այն ժամանակ, երբ արդեն սահմանում են եղել ազատամարտիկները: Իսկ Ռուզան Կրպեյանի կոչն էր   հաղթանակած  սերնդին՝ չդժգոհել և պահպանել ազատամարտիկների արյամբ ձեռք բերվածը։

Ցուցադրել ավելի
Back to top button