Գյուղնախարարը Շիրակում բերքի սպասվող արդյունքից դժգոհ չէ


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Շիրակի մարզ
Աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած գյուղնախարարին այս անգամ սպասում էին Հայաստանի հյուսիսային դարպասում, Ամասիայի տարածաշրջանի գյուղերում: Սերգո Կարապետյանը Աղվորիկ, Ալվար, Արդենիս գյուղերում ծանոթացավ գարու, աշորայի ցանքատարածքներին ու խոտի կուտակման աշխատանքներին:
Այս տարի Շիրակի մարզում մինչ օրս կարկտահարվել է 13150 հա ցանքատարածք, որից 12 000-ը հացահատիկի դաշտեր են, բայց գյուղնախարարը բերքի սպասվելիք արդյունքից ընդհանուր առմամբ դժգոհ չէ, իսկ կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների համար կառավարությունն անհատական մոտեցում կցուցաբերի, վստահեցրեց նախարարը:
Գյուղատնտեսության նախարարի հաջորդ կանգառը Շիրակի մարզի ամենահեռավոր գյուղում՝ Ծաղկուտում էր, գյուղացիների տրամադրությունն էլ տոնական: Ծաղկուտում Համաշխարային բանկի ֆինանսավորմամբ արոտավայրերի ջրարբիացման ծրագրով կկառուցվի 4 խմոց:
Սերգո Կարապետյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ գյուղի կարտոֆիլի ցանքատարածքներում էր: Շիրակում կարտոֆիլ արտադրողները սերմը տեղում են վաճառում, իսկ պարենային կարտոֆիլի իրացման համար ուղիներ փնտրում: Գյուղնախարարն էլ խոստացավ, բերքի արտահանման հարցում գյուղմթերք արտադրողը խնդիրներ չի ունենա: