Հասարակություն

«Արենի» գինու փառատոնը նպատակ ունի մեծացնել մասնակիցների աշխարհագրությունը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 1-ից 5-ը Վայոց ձորում կկայանա «Արենի» գինու փառատոնը։ Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի այն կտևի 5 օր, իսկ նպատակներից է ընդլայնել նաև փառատոնին մասնակից համայնքների աշխարհագրությունը:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի փոխանցմամբ`Մալիշկայում, Երփինում, Ռինդում, Արենիում և Եղեգնաձորում կլինեն համայնքային միջոցառումներ, տեղական գինու համտեսի արարողություն, իսկ ցանկացողները կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին: «Մենք առաջարկում ենք, որպեսզի մեր քաղաքացիները պլանավորեն արձակուրդ այդ 5 օրերի ընթացքում և այդ օրերն անցկացնեն Վայոց ձորում: Մենք մեր հյուրերի համար նախատեսել ենք լիարժեք հագեցած գրաֆիկ և նրանք այդ օրերին կարող են ունենալ իրենց մասնավոր այցելությունները Վայոց ձորի պատմամշակութային վայրեր»,- ասում է մարզպետը։

Ամեն տարի «Արենի» գինու փառատոնի հիմնադրամին աջակցում է էկոնոմիկայի նախարարությունը: Այս տարի նախարարությունը փառատոնին տրամարդրել է 1,5 մլն դրամ: «Արենի» գինու փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով` այս փառատոնի արդյունքում փոխվել է գինու նկատմամբ վերաբերմունքը: «Ժողովուրդը սկսել է նորից վերադառնալ դեպի գինի, այլ ոչ թե օղի: Եվ գինու վաճառքը տարեց տարի բարձրանում է»,- ասում է։

«Արենի» գինու փառատոնի հիմնադրամի նպատակներից է տնական գինիների որակի բարձրացումը, որպեսզի խմիչքի այս տեսակը նույնպես ներկայանալի դառնա շուկայում: Այս տարի մրցույթին կմասնակցի նաև տնայնագործ գինեգործների արտադրանքը: Իսկ հաջորդ տարվա նպատակներից է փառատոնը դարձնել միջազգային և Հայաստան հրավիրել օտարերկրյա գինեգործական ընկերությունների։

 

Ցուցադրել ավելի
Back to top button