Տնտեսական

Ֆիննախը խախտումներ է արձանագրել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ- ում

Ֆինանսների նախարարության օպերատիվ  հետախուզության   վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով վարչության  աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում: Այս ընկերությունը համարվում է, որ պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։Արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում  գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ:

Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության  աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք:

Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500կգ շաքարավազի հարկային հաշիվ,  սակայն փաստացի առաքել էր 5500կգ, որից 3000կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ:

Մեկ այլ դեպքով էլ` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումներով Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 1 հասցեում զննման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Սարգիս Աղումյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի հայտնաբերվել էր վաճառքի ենթակա ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ մսամթերք:

Երկու դեպքով էլ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button