Քաղաքական

Սոչիում Ադրբեջանը վերադարձվեց բանակցային ճանապարհ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վիճակն է մեղավոր, որ այսօր ունենք լկտիացող հակառակորդ, ուրիշ մեղավոր չկա, կարծում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` անդրադառնալով վերջին շրջանի ադրբեջանական սադրանքներին։ Ըստ նրա՝ խաղաղությունը ոչ թե երաշխավորությամբ է լինում, այլ՝ նվաճելով, իսկ դրա ճիշտ ճանապարհը երկիրը շուտափույթ կարգի բերելն է, բարոյահոգեբանական վիճակը կարգավորելը, «ամեն մարդու իր տեղը նստացնելը», որպեսզի ամեն մարդ չփորձի ազդել ու վնասել մեր հայրենիքի անվտանգությունը։

Անդրադառնալով Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպմանը՝ Մանվել Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ այն ընդամենը ժամանակավոր սառեցրեց լարվածությունը։ Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ` Սոչիում Ադրբեջանը վերադարձվեց խաղաղ, բանակցային ճանապարհի վրա: Ըստ քաղաքագետի` սահմանային միջադեպեր որոշ ժամանակով չեն լինի, սակայն չկա երաշխիք, որ դրանք չեն կրկնվի արտաքին ինչ-ինչ ուժերի հրահրմամբ, որոնք եւ մշտապես ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա:

Մասնավորապես, ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, առաջիկայում հնարավոր են թուրք-ադրբեջանական սադրանքներ, քանի որ Թուրքիայում ավարտվեցին ընտրությունները եւ Թուրքիան կփորձի միջամտել։ «Քիչ թե շատ իմանալով առաջիկա զարգացումների տրամաբանությունը` մենք կարող ենք ասել, որ այո, ստատուս քվոն կպահպանվի, սակայն, անընդհատ նրանք կփորձեն գտնել թույլ կետեր եւ սադրել»։

Մի բան, սակայն, վերլուծաբանի համոզմամբ, հստակ է. «Ադրբեջանը միշտ կխուսափի պատերազմը լայնածավալ մասշտաբի հասցնելուց: Ես դրանում համոզված եմ»։

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է մնալ քնած մարդուն կացնահարող եւ մոլորված մարդուն սպանող երկիր: Վերջին դեպքում խոսքը գերեվարված Կարեն Պետրոսյանի սպանության մասին է: Արաբո ջոկատի հրամանատարի խոսքով` երբ ադրբեջանցիները մեր գյուղացուն սպանում են, դիվերսիոն խմբեր են ուղարկում, դրանով մեր արձագանքն են ցանկանում ստուգել: «Մենք պետք է շատ զգոն լինենք, իմաստուն էլ պետք է լինենք։ Երբ վտանգվում է մեր հայրենին, մենք պարտավոր ենք միահամուռ լինել: Մենք համախմբվելու ավելի շատ պոտենցիալ ունենք, մենք իրար հանդեպ պարտք ունենք և բոլորս միասին՝ հայրենիքի հանդեպ պարտք ունենք: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է: Այդպես են հայրենիք ստեղծում»,- ասում է։

Խոսելով ազատամարտիկների սահման գնալու մասին` Մանվել Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չկա: Նրա համոզմամբ` դա անտեղի խուճապային տրամադրություններ է ստեղծում, այնինչ` կամավորների կարիք կա այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններում բանակին օժանդակելու անհրաժեշտություն է զգացվում։ «Ազատամարտիկն անհրաժեշտ է, երբ կռվին վերջակետ դնելու կարիք լինի»,-ասաց ազատամարտի հրամանատարը։

Նրա ձեւակերպմամբ` մեր ժողովրդին հնարավոր չէ վախեցնել: Նրա համոզմամբ` դիվերսիոն սադրանքները Ադրբեջանի ժողովրդինը չեն, այլ` Ալիևի և նրա բանդայի պատերազմն է: Ալիևի իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ դրության տերն է, և դրանով ցանկանում է պահել իր իշխանությունը, եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Բանակցային գործընթացում, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ, թայմ աութ չի լինելու: Նոր հանդիպում նա հնարավոր է համարում աշնանը, սակայն, թե որտեղ եւ ինչ ձեւաչափով, դժվարանում է ասել։

Ցուցադրել ավելի
Back to top button