Մշակույթ

Մետաքսեին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում (փոփոխված)

Բանաստեղծուհի Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ը, Երեւանի Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 13-ին, ժամը 12:00- 14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում։

 

«Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում»։

Սերժ Սարգսյանի ուղերձից

Մետաքսեն (Մետաքսե Սերոբի Պողոսյան) ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91 թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95 թթ.): ԱՄՆ-ում տպագրված ,Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասինե համաշխարհային հատընտիրում (1990 թ.) տեղ է գտել նրա ,Գաղտնիք չի մնումե բանաստեղծությունը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Մետաքսեի թարգմանությամբ համաշխարհային գրականության մի շարք նշանակալից գործեր հնչել են հայերեն: Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է 35 գրքի, այդ թվում՝ «Զգույշ, սիրտ է» /1974 թ./, «Լեռները լալիս են գարնանը» /1987 թ./, «Զրույց աշխարհի հետ» /2007 թ./, «Սերս ծոցիս մեջ մնաց» /2009 թ./, «Մենք ենք ու մենք» /2011 թ./ և այլն, որոնք գնահատվել ու սիրվել են մասնագետների և ժողովրդի կողմից՝ լայն ճանաչում բերելով հեղինակին:

Արևշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով:

Իր գրական երկարամյա վաստակի, հայրենասիրական ու քաղաքացիական ակտիվ գործունեության համար Մետաքսեն արժանացել է մի շարք պետական ու հասարակական պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալի /2008 թ./, Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի /2011 թ./, «Երկրապահ» շքանշանի /2006 թ./, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Զորավար Անդրանիկ», 1992-1994 թթ. Արցախի ազատագրական պայքարում կատարած հատուկ ծառայության համար՝ «Հայոց ազգային բանակ» մեդալներով: Պարգևատրվել է նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալով։

Ցուցադրել ավելի
Back to top button