Հասարակություն

ՀՀ տարածքի 4,1 տոկոսը սողանքային է. Ճապոնիան կօգնի կառավարել դրանք

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ճապոնական գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ստորագրել են ծրագրի ընթացքը կարգավորող փաստաթղթերը։

Հայաստանի բնակչության 15 տոկոսը բնակվում է ռիսկային սողանքների տարածքում: Տարբեր հաշվարկներով` մեր երկրում 2500-3500 սողանք է հաշվվում: Տարեկան դրանք տասնյակ միլիոնավոր դրամի վնաս են հասցնում Հայաստանին, որի տարածքի 4 տոկոսն ակտիվ սողանքային գոտի է համարվում: Սողանքային աղետների հետեւանքով դատարկվում են տարբեր բնակավայրեր, քանի որ նման վայրերում կառուցապատել չի կարելի: Չի թույլատրվում անգամ այդ տարածքներում անասուն արածեցնել, որովհետեւ բուսականությունն այդ վայրերում պետք է պահպանվի:

Վերջին 20 տարվա ընթացքում, համաձայն դիտարկումների, սողանքները շարունակաբար ակտիվացել են: Խնդիրը պարտադրում է լուծումներ գտնել, այնինչ Հայաստանում սողանքի աղետի կառավարման համակարգը բացակայում է: Հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր եւ հետեւողական համապատասխան հետազոտություններ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արձանագրում է. «Հայաստանի տարածքի 4.1 տոկոսը, իսկ դա շատ մեծ տոլոս է, սողանքային է: Դա աղետի շատ վտանգավոր տեսակ է: Հիշում եք` մենք շատ մեծ սողանք ունեցանք, մեծ կորուստներ, ու դրա վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարանք»։

Հայաստանում այսօր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ կնքվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք սողանքների կառավարման հայ-ճապոնական նոր` եռամա ծրագրի հիմքն են կազմում: Ծրագրի շրջանակներում նախ պետք է սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան կազմվի: Կուսումնասիրվեն առավել սողանքավտանգ տեղամասերը, կթարմացվի առկա տեղեկատվական բազան: Հաջորդ փուլում կմշակվեն սողանքային աղետի կառավարման ուղեցույցներ, նաև կվերանայվեն միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը: Վերջին փուլն արդեն կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման շրջանն է: Առավել կառավարելի սողանքներ ու սողանքների պատճառած վնասի նվազեցում, վերջնարդյունքում սա է ակնկալվում, շեշտում է Արմեն Երիցյանը։

Ճապոնական կողմի հետ գործակցության մասին խոսելիս՝ Արմեն Երիցյանն արդեն կարող է խոսել արդյունքներից: Երեւանում մինչ այժմ արդեն գնահատվել ու քարտեզագրվել են սեյսմիկ ռիսկերը, առավել վտանգավոր 5 գոտիներում տեղադրվել է 5 սեյսմակայան: Հերթը սողանքների կառավարմանն է: Ամեն տարի Ճապոնիայում բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը սողանքից տուժածներն են: Այս վիճակագրությունը պարտադրել է սողանքների կառավարման հարուստ փորձ կուտակել:

Ճապոնացի գործընկերները տեխնիկապես կաջակցեն հայկական կողմին: Նաև սողանքավտանգ երկու տեղամասում իրենց ձեռքով ու ֆինանսներով կիրականացնեն սողանքների կանխարգելման պիլոտային ծրագրեր` գործնականում փոխանցելով սողանքների կանխարգելման ու կառավարման իրենց փորձը հայ գործընկերներին: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի ղեկավար Սան Յանոն հստակեցնում է անելիքների ժամկետերը։

Պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն այս տարվանից, իսկ բուն գործողությունները կիրականացվեն 2016-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button