Հասարակություն

Այս տարվա «Բազեին» կմասնակցեն 500 երիտասարդներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի «Բազեե 2014» համահայկական երիտասարդական հավաքը կմեկնարկի օգոստոսի 18-ից 24-ը Ծաղկաձորում: 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Իսկ այս տարի «Բազեե 2014»-ին ՀՀ պետական դրոշը խորհրդանշող 3 ճակատների կազմում ներգրաված է շուրջ 500 երիտասարդ: Հավաքի փակումն ու գալա համերգը տեղի կունենա Ծաղկաձորի հրապարակում։

Մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներ, հանդիպումներ հասարակական, քաղաքական, մշակութային ու պետական գործիչների հետ: Այս տարվա «Բազեի» հագեցած ծրագիրն է: Կարմիր, կապույտ և նարնջագույն ճակատներում այս տարի ընդգրկված է շուրջ 500 երիտասարդ: Երիտասարդական հավաքին այս տարի մասնակցելու են Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, Ջավախքի, ոստիկանության եւ ռազմական ինստիտուտների, Գևորգյան ճեմարանի, ՀԿ-ների, երիտասարդ երկրապահների և լրագրողների նոր ջոկատներ։

Այս տարի մենք ունենք լրագրողների ջոկատ, բոլոր ջոկատները կազմված են 9 հոգուց, ուստիև մասնակցում է 9 լրագրող: «Բազեն» խիստ ճամբարային ծրագիր է իր բոլոր մրցույթներով, իր բոլոր կազմակերպական խիստ հարցերով, և մենք ուզում ենք, որ 9 լրագրող հավասարապես մրցեն, պայքարեն և մասնակցեն այդ ճամբարային ռեժիմով միջոցառմանը, որից, վստահ եմ, որ հետաքրքիր հիշողություններ կտանեն իրենց հետ»,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արուսյակ Պողոսյանը։

Ավանդական մրցույթներին այս տարի կավելանա նաև փեյթբոլի միջճակատային խաղը: Յոթ օր շարունակ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետներն ու մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները կաշխատեն երիտասարդների հետ: Այս տարի բազեականները կունենան նոր դիզայնով հագուստ։

Արդեն 4-րդ տարին է, ինչ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ամբողջ ծախսը հոգում է Երիտասարդական հիմնադրամը : Թե ինչքան գումար է ծախսվել երիտասարդական հավաքի համար, հիմնադրամի ծրագրերի տնօրենը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ 500 երիտասարդին 7օր պահելու համար ծախսվել է մինիմալ գումար: Նարնջագույն ճակատի գեղարվեստական ղեկավար, «Բազեի» նվիրյալներից Արման Խաչատրյանը նշում է, որ այս հավաքը հնարավորություն է ընձեռում բացահայտել տաղանդավորներին։

Հավաքի կարևորագույն մրցույթներից է նաև նորաձևության մրցույթը: Երկու օրում բազեականները ձեռքով պետք է կարեն հինգ զգեստ: Մրցույթի ժյուրիի անդամ Արամ Նիկոլյանը խոստովանում է, որ հաճախ են լինում հետաքրքրի ու ստեղծագործ մտքեր։

 

Ցուցադրել ավելի
Back to top button