Միջազգային
Իրաքի նախագահը նշանակում է վարչապետ՝ հակառակ դատարանի որոշման


Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հանձնարարել է խորհրդարանի փոխնախագահ Հեյդար Աբադին ձեւավորել նոր կառավարությունը, հայտնում են երկրի իշխանության ներկայացուցիչները։
Ըստ Բի Բի Սի- ի՝ նախագահ Մասումը նման որոշում է ընդունել հակառակ Գերագույն դատարանի, որը վճռել էր, որ կառավարությունը ձեւավորելու իրավունք ունի գործող վարչապետ Նուրի Մալիքին (մանրամասները՝ այստեղ)։
Աբադիի թեկնածությունն առաջադրել է երկրի շիական կուսակցությունների միավորող Իրաքի ազգային միությունը։
Իրաքում քաղաքական նման մանեւրները տեղի են ունենում երկրի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման հարձակման համատեքստում։
Ի դեպ՝ Աբադիի նշանակումը ողջունել են արեւմտյան մի շարք երկրներ, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն անձամբ է նրան շնորհավորել հեռախոսազրույցի ընթացքում։