Միջազգային

Իրաքի վարչապետը դատի տվեց նախագահին. դատարանը պաշտպանեց նրան

Իրաքի դատարանը երկրի վարչապետ Նուրի Մալիքի եւ նախագահ Ֆուադ Մասումի միջեւ վեճը լուծել է հօգուտ վարչապետի՝ որոշելով, որ Մալիքին կարող է ձեւավորել նոր կառավարություն, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ըստ երկրի սահմանադրության՝ Մալիքիին դա պետք է հանձնարարեր նախագահը։ Ավելի վաղ վարչապետը մեղադրել էր պետության ղեկավարին, թե նա դանդաղում է նոր վարչապետի նշանակման հարցում՝ սպառնալով դատի տալ նրան։

Մալիքիի ղեկավարած կոալիցիան ապրիլյան ընտրությունների արդյունքում մեծամասնություն է ձեւավորել խորհրդարանում, սակայն պատգամավորները չեն ցանկացել երրորդ անգամ նրա լիազորությունները երկարացնել, իսկ նախագահ Մասումն էլ հրաժարվել է խառնվել վեճին։

Մալիքիին հավատարիմ հատուկ նշանակության ջոկատները, որոնք կազմված են հիմնականում շիաներից, գրավել են Բաղդադի առանցքային շրջանները։

Մալիքիի քննադատները նշում են, որ շիա վարչապետն իր նեղֆրակցիոն քաղաքականության պատճառով երկիրը հասցրել է ներկա ճգնաժամին եւ նրան հրաժարականի կոչ էին արել սունիները, քրդերը, անգամ իր հավատակից շիաները։

Հունիսին Մալիքին մերժեց ձեւավորել արտակարգ վարչակազմ եւ ներգրավել երկրի կրոնական եւ էթնիկ խմբերին, որպեսզի արդյունավետորեն հակազդեր Իրաքի հյուսիսային մի շարք շրջաններ գրաված ահաբեկիչներին։ Նա նշում էր, որ նման քայլը կհակասեր ապրիլյան ընտրությունների արդյունքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button