ԿարևորՀասարակություն

Բնապահպանական խնդիրները բարձրաձայնում է բնապահպանության նախարարը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով այսօր իր աշխատանքային 100 օրն է ամփոփել նաեւ բնապահպանոթյան նախարարը: Արամայիս Գրիգորյանը գերադասել է բնությանն առնչվող խնդիրների մասին խոսել հենց բնության գրկում՝ լրագրողներին հրավիրելով Խոսրովի արգելոց: ,Այս հարյուր օրը շատ արագ անցավե,- խոստովանել է նախարարն ու խոսել այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց այս ընթացքում հասցրել է ծանոթանալ, ու որոնց մասին շարունակ ահազանգում են մամուլն էլ, բնապահպաններն էլ: Սեւանա լճում շարունակվում է ձկնագողությունը, Խոսրովի արգելոցում էլ ապօրինի որսի դեպքերը հնարավոր չէ բացառել, վերջին ուսումնասիրությունները փաստել են՝ բազմաթիվ հանքարդյունաբերողներ պոչամբարներին առնչվող նորմերը չեն պահպանում, ու կաթնատու կենդանիներն արածում են ծանր մետաղներով հագեցած արոտներում: Բազմաթիվ են նաեւ ՀԷԿ-երին առնչվող խնդիրները։

Հարյուր աշխատանքային օր բնապահպանության նախարարի պաշտոնում ու բազմաթիվ չլուծված հարցեր: Բնապահպանության նախարարը երկար է ներկայացնում անելիքներն ու խնդիրները եւ ասուլիսի ողջ ընթացքում գրեթե բոլոր հարցերին ի պատասխան՝ խոստովանում՝ այո, խնդիրները բազմաթիվ են: Ոռոգման այս կարեւոր շրջանում բազմաթիվ գյուղացիներ առանց ջրի են մնում, քանի որ գյուղը սնուցող գետերի ակունքին կառուցված ՀԷԿ-երը ջրի զգալի մասն օգտագործում են: Նախկինում կնքված պայմանագրերի պայմանները խախտվել են, գետերում այսօր ջրի քանակի խնդիր կա, բացատրում է նախարարը: ՀԷԿ-երն առաջվա նման իրենցը վերցնում են, գյուղացուն ջուր չի մնում:

Խնդիրներն այնքան են սրվել, որ կարիք է առաջացել վերանայել բոլոր ՀԷԿ-երի հետ նախկինում կնքված պայմանագրերը, ասում է բնապահպանության նախարարն ու շեշտում՝ վերանայել՝ նախ հօգուտ բնության ու հօգուտ գյուղացու: Ռիսկերը պետք է մասնավորը կրի: «Մենք փորձելու ենք ռիսկային վայրերում թույլտվություն չտալ: Իսկ որտեղ կառուցվել ավարտվել է, այնտեղ մենք մեր հարցերը հստակ կդնենք: Մնացածն արդեն մասնավորի ռիսկն է: Մենք չենք կարող մասնավորին ապահովել ջրով, դա բնության հետ կապված խնդիր է»,- ասում է:

Նախարարն իր եռամսյա գործունեության ընթացքում հասցրել է մոտիկից ծանոթանալ այն խնդիրներին, որոնք տարիներ շարունակ առաջացրել են հանքարդյունաբերական ձեռնարկությունները: Դրանցից շատերն իրենց հատկացված տարածքներից դուրս են արդյունահանում իրականացրել, խաթարել էկոհամակարգը, ինչի մասին օրերս հայտարարել էր նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Բնապահպանության նախարարն էլ իր հերթին է պարզել՝ բնապահպանների մշտական ահազանգերն անհիմն չէին՝ շատ հանքարդյունաբերողներ պարզապես արհամարհել են պահանջը՝ պոչամբարների ջուրը բաց չթողնել բաց տարածություն, որտեղ արածում է հարակից գյուղերի անասունը: Իսկ դա նշանակում է, որ այդ կենդանիների կաթը մեծ հավանականությամբ ծանր մետաղներ ու առողջությանը խիստ վնասակար նյութեր է պարունակում: Դրանցից շատերը հանք շահագործելու պատճառով հատած կանաչ տարածքների վերականգնումը պատշաճ կերպով չեն կատարել: Տվյալ բնակավայրերում խոստացված սոցիալական հարցերն այդպես էլ դեռ լուծման իրենց հերթին են սպասում, նաեւ իր ոլորտից դուրս հարցերին է անդրադառնում բնապահպանության նախարարը:

«Հանձնարարականներ ենք տվել, որ նրանք շատ արագ այդ բացթողումներին լուծում տան: Մեր հանձնարարականին մենք տեր ենք լինելու, եթե կլինեն մարդիկ, ովքեր կչարաշահեն կամ չեն ցանկանա այդ խնդիրները լուծել, մենք օրենքով սահմանված շատ լուրջ մոտեցումներ կցուցաբերենք, անգամ կդիմենք լիազոր մարմնին, որ դրանց գործունեությունը դադարեցվի»,- ասոում է։

«Ռադիոլուրը» փոխանցեց բնապահպանների մտահոգությունները՝ բնապահպանության նախարարությունը մի ձեռքով փակում է ինքնաշատրվանող հորերը, մյուսով՝ բացում, բոլոր այդ գործընթացների համար էլ կառավարությունից գումար ստանալով: Բացի այդ՝ պատճառաբանությամբ, որ գյուղացին ջրի խնդիր ունի, Սեւանից ջրառն ավելացնում են, ապա ջուրը վերցնելուց հետո կրկին հորեր բացում: Արամայիս Գրիգորյանը հարցին միանգամից այլ կողմից է մոտենում՝ հորեր բացել-փակելիս կոնկրետ անձանց դերակատարություն չկա, հարցերն էլ այն դասավորությունը չունեն, ինչպես բնապահպաններն են ներկայացնում:

Վստահեցնում է, որ նախարարությունն անում է այն, ինչ ճիշտ է ու պետք է: Թեեւ խնդիրներն այստեղ էլ իրենց մոռանալ չեն տալիս ու տարածվելով՝ հասնում են ձկնաբուծության ոլորտ: «Պատրաստել ենք մի նախագիծ, որն առաջիկայում ներկայացնելու ենք կառավարության քննարկմանը: Դա ավտոմատ համակարգի ներդրումն է Արարատյան տարածաշրջանում՝ բոլոր ձկնաբուծական տնտեսություններում, որպեսզի կարողանանք դրանք կառավարել մեկ կետից: Մեր մոնիթորինգի արդյունքներով՝ դեռ 40 ինքնաշատրվանող հոր պետք է փակվի: Եւ որտեղ կլինեն չարաշահումներ, այդ կետերը վայրկենական կփակվեն»։

Սեւանի մակարդակն այսօր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նիշից պակաս է 9 սմ-ով: Սակայն պանային ծրագրից մեկ մետրով էլ ավելի է, ասում է նախարարը: Լճի ափերին հանրային լողափերից 3-ն իրենք շարունակում են սպասարկել, դեռ ընդամենը 3-ի հնարավորություն ունեն: Իսկ Սեւանա լճում ձկնագողության դեմ պայքարն այդպես էլ սպասված արդյունքը չի տալիս: Գրիգորյանը հուսով է, որ առաջիկայում այդ մասին էլ դրական ասելիք կունենա:

Նախարարությունն առաջիկայում ծրագրում է նոր լսումներ անցկացնել գայլերի որսի թույլտվություն տալու վերաբերյալ, այլապես դրանք արդեն գյուղացիների համար պատուհաս են դարձել:

Արամայիս Գրիգորյանը փոխանցում է իր առաջիկա անելիքներից մեկը եւս՝ նախարարին կից կստեղծվի գիտատեխնիկական խորհուրդ: Բնապահպանական բոլոր խնդիրներին լուծում մշակելիս գիտնականների մոտեցումները կլինեն հիմքում:

Ցուցադրել ավելի
Back to top button