Հասարակություն

Ազատամարտիկի «Ապրելու բանաձեւը»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեկ Արցախյան ազատամարտի հերոս Աշոտ Չախոյանը կդառնար 42-ամյակը։ Նրա ապրելու բանաձևն էր ջախջախել թշնամուն և մայր հողն օտարի ոտնահետքերից մաքուր պահել: Որդու ապրելու բանաձևն էլ մոր` Գոհար Մարտիկյանի համար դարձավ մի գրքի բնաբան, որտեղ էլ տեղ են գտել Արցախյան հերոսամարտի հայ քաջազուների ապրած կյանքի պատմությունը, որն էլ որպես ռադիոշարք պահվում է Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»։

Ազատամարտիկ Աշոտ Չախոյան. 21-ամյա երիտասարդ, ով լսելով Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հայտարարությունը, թե որոշել են խնջույք կազմակերպել Սևանի ափին, Մոսկվայից վերադարձավ Երևան և հայտնվեց հատուկ նշանակության գնդում: Մինչ այդ ուսմանը զուգընթաց Աշոտը հետևում էր Արցախյան շարժմանը, մասնակցում, ու մի օր էլ մայրը նրան գտավ Բաղրամյան պողոտայում կանգնած տանկային շարասյան արանքում` զինտեխնիկան ու զինվորներին զննելիս, գրքերն ու տետրերն էլ՝ պահած տաբատի գոտու տակ:

Ճակատագրի բերումով գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի առաջին ջոկի հրամանատար Աշոտ Չախոյանը դարձավ զորամասի առաջին զոհը: Մարտական ընկերների հետ պաշտպանում էր Կոռնիձորն ու Խնձորեսկը, Իշխանասարը, Սնկասարը, կռվում Մարտակերտի ու Օմարի ազատագրության համար։

Պետք է ազատագրել Օմարի լեռնանցքը, որի 19 01 բարձունքը (Քարվաճառի տարածքում) հունվարի 31-ին հետախուզելու էին եկել հատուկ նշանակության գնդի մի քանի հետախույզ ավագ լեյտենանտ Ալբերտ Երգինյանի հրամանատարությամբ: Հետագա առաջխաղացումը նախապատրաստելու համար մարտական ընկերները սպասում էին հետախուզության արդյունքներին, սակայն գագաթին չհասած հանդիպեցին թուրքերին: Հրամանատարը ծանր վիրավորվեց։

Հասկանալով պահի լրջությունը` Աշոտը մոլորեցնող կրակահեթով դիրքերը պահեց այնքան ժամանակ մինչև տղաները հասնեն ու տեղյակ պահեն վտանգի մասին: Աշոտը մեկ ու կես ժամ կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը` հնարավորություն տալով զորամասի հրամանատարին հակահարձակումը սկսելու համար վերադասավորել ուժերը։

Առավոտյան 19.01 բարձունքն ազատագրված էր, սակայն 21-ամյա Աշոտ Չախոյանը 1994 թվականի հունվարի 31-ին կյանքը տվեց հանուն հայրենիքի: Թշնամուն ջարդելու հաստատակամությամբ ապրելու և հայոց հողն օտարի ոտնահետքերից մաքուր ապրելու բանաձև էր դա: Իսկ մոր` Գոհար Մարտիկյանի համար «Ապրելու բանաձեւը» դարձավ  հաղորդաշարի ու մի գրքի վերնագիր, որտեղ զետեղված են արցախյան ազատամարտի հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքի ու հայրենասիրության պատմություները։

Այսօր Գոհար Մարտիկյանի և նրա հոր` թարգմանիչ, հրատարակիչ Աշոտ Մարտիկյանի անձնական արխիվն ի պահ տրվեց Ազգային արխիվին: Գոհար Մարտիկյանին ասում է, որ «Ապրելու բանաձեւը» վեցհատորյակին կավելանա ևս մեկը, իսկ արխիվի աշխատող Անահիտ Չիլինգարյանն անկեղծանում է՝ ազատամարտիկների մասին «նյութերը ծանր են, կարդալը՝ դժվար»։

Back to top button