Վերլուծական

Ադրբեջանի բոլոր պլանները ձախողվեցին. Սոչիի հանդիպման արդյունքները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը փորձում էր գալ մի դիրքի, որը թույլ կտար Իլհամ Ալիեւին բանակցություններում առավել պահանջատեր լինել եւ վերջնագրերով խոսել, ասում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ամփոփելով նախագահների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները` վերլուծաբանը նկատել է, որ Ադրբեջանի բոլոր ծրագրերթ ձախողվեցին` հայկական զինուժի առավել քան հուժկու հակահարվածի արդյունքում։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին սրացումների հարցում իրենց որոշակի պատասխանատվությունն ունեն համանախագահները: Նա նկատում է, որ Արեւմուտքը փափուկ է եղել Ադրբեջանի նկատմամբ` շատ բաների վրա աչք փակելով, իսկ Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, հաշվի չի առել, որ դրանով որոշակի ազդակներ են փոխանցվում:

Թեպետ դա բացատրվում է պարզապես բիզնեսով, սակայն Ադրբեջանը դա ընկալում է որպես ակտիվանալու հնարավորության ազդակ: «Սահմաններում իրավիճակն աննախադեպ սրելով` փորձել այնպիսի դիրքի գալ, որը թույլ կտար Իլհամ Ալիեւին առավել պահանջատերի դերում լինել բանակցություններում եւ, ինչու ոչ, խոսել ուլտիմատումների լեզվով: Ի՞նչ ստացավ Ադրբեջանն այս ամենի արդյունքում: Փառք ու պատիվ մեր զինվորականներին, առավելապես` այն բոլոր տղաներին, որոնք իրենց կյանքը դրեցին, մենք պետք է փաստենք, որ հակահարվածն առավել քան ուժգին էր եւ ի հաշիվ մեր զինվորականության, Ադրբեջանի նախատեսած բոլոր պլանները ուղղակիորեն  հօդս ցնդեցին»։

Ադրբեջանի բոլոր պլանները ձախողվեցին եւ դա երեւաց նաեւ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում: Կարեն Բեքարյանի գնահատմամբ` չի բխում, որ նման փորձեր էլ չեն լինի, սակայն կարեւոր է գիտակցումը, որ մեր անվտանգության թիվ մեկ գրավականը բանակն է ու կարեւոր է վերջինիս հասարակությունից եկող բարոյահոգեբանական աջակցությունը։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի դիտարկումը` նախագահների եռակողմ հանդիպման մասին. «Առայժմ կարող ենք միայն փաստել, որ դա կարող է բերել լարվածության թուլացման եւ որոշակի հնարավորություններ ընձեռել հետագայում ավելի հիմնարար լուծումներ տալու Ղարաբաղյան խնդրին»։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը նկատում է, որ Սոչիի հանդիպմամբ որոշակիորեն արդյունք է արձանագրել բանակցային տրամաբանությունը։ «Առավել քան վստահ եմ, որ այսուհետ Ադրբեջանին այլեւս չի հաջողվի միջազգային հանրությանը վաճառել այն թեզը, որ իր կողմից ամենամեծ զիջումը պատերազմ չսկսելն է: Տեսանելի դարձավ, որ նույն հաջողությամբ կարող է դիմացի կողմը նույն ձեռագիրը ցուցաբերել»։

Ցանկացած հանդիպում ունի իր մեջ լիցքաթափման հնարավորություն` Սոչիի եռակողմ հանդիպումը, ըստ վերլուծաբանի, այս առումով իր նշանակությունը կունենա: Կարեն Բեքարյանի գնահատմամբ, սակայն, չպետք է լինել միամիտ` Ալիեւը մեկ անգամ չէ, որ արձանագրում է մեկ բան, սակայն փորձում անել ուրիշ մի բան:

Քաղաքագետի ձեւակերպմամբ` Սոչին հեռացրեց պատերազմի վտանգը, սակայն այդ վտանգը կամ պատերազմի հավանականությունը չզրոյացրեց: Վերլուծաբանը կարծում է, որ քանի դեռ Ադրբեջանում չկա համարժեք քաղաքական մշակույթ՝ երկարատեւ լուծումների դժվար է սպասել: Այնուամենայնիվ՝ մի բան հստակ է` Ադրբեջանը, գոնե, որոշակի ժամանակահատվածի համար հասկացավ, որ իր համար ռազմական արկածախնդրություններն արդյունավետ չեն, հետեւաբար` պետք է ուշադրությունը սեւեռի քաղաքական լուծումների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button