ԿարևորՔաղաքական

Լավրով. Նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը

Հայաստանի  եւ Ադրբեջանի նախագահները Սոչիում կայացած հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումն օգտակար էր, նախագահները կրկին հաստատել են նախագահների մակարդակով համանախագահող երկրների ներկայացրած սկզբունքներին իրենց հանձնառությունը։ Այս սկզբունքներում նշված է անհրաժեշտությունը խնդրի լուծումը գտնել բացառապես խաղաղ միջոցներով տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- հայտարարել է Լավրովը։

«Նախագահները պատրաստակամություն են հայտնել  երկխոսությոնը շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով եւ Ռուաստանի Դաշնությունը որպես համանախագահող երկրներից մեկը դրան ամեն կերպ կաջակցի»,- Լավրովը խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ եւ կոնտակտային խմբի որոշումների կատարման անհրաժեշտությունը։ «Նախագահները արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են այդ աշխատանքը շարունակել կարգավորման գործնական ասպեկտների համաձայնեցմանը զուգահեռ, որոնք դեռ չեն համաձայնեցվել»,- նշել է Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ դրանք այնքան էլ շատ չեն, համաձայնությունների մեծ մասն արդեն հասկանալի է, սակայն կան մի քանի «կոնկրետ տարրեր, եւ ամենաբարդ հարցերը դեռ լուծված չեն»։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի անդրադառնա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա։ «Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ որեւէ կապ չունի, ինչի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս եւ հրապարակային հայտարարել է»,- նշել է Լավրովը։

Ցուցադրել ավելի
Back to top button