Տնտեսական

ԼՂՀ կառավարությունը կօժանդակի կարկուտից տուժած գյուղացիներին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Արցախում այս օրերին ամփոփում են աշնանացան մշակաբույսերի բերքահավաքը: Տարին բավականին անբարենպաստ էր: Կարկուտից և սելավներից տուժել է մոտ 6 հազար հեկտար տարածք, երաշտի հետևանքները զգացվել են ավելի մեծ տարածքի վրա: Արդյունքում՝ չի հնձվել ցորենի և գարու արտերի 70 տոկոսը, կալսված բերքի քանակը ավելի քան 30 տոկոսով քիչ է անցած տարի հավաքվածից: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ԼՂՀ կառավարությունում հայտարարել են, որ այդ ցուցանիշը հացի խնդիր չի առաջացնելու, չեն փոփոխվելու նաև ալյուրի և հացի գները: Բնական աղետները, սակայն, իհարկե, տնտեսության վրա ազդել են՝ հատկապես դժվար կացության մեջ դնելով հողագործներին, որոնց մի մասը վարկային պարտավորություներ ունի պետական հիմնադրամների և բանկերի առջև: Գտնելով, որ ստեղծված վիճակը կարող է վտանգել 2014 թվականի աշնանացանը` ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել աջակցել հողագործներին` որոշակիորեն թեթևացնելով հարկերի և այլ պարտավորությունների բեռը։

Անբարենպաստ եղանակի պատճառով այս տարի հանրապետությունում հնձվել է ցանքատարածություների 70 տոկոսը, այն էլ միջին բերքատվությունը կազմել է ընդամենը հա- ից 11 ցենտներ։ Տարածքները տուժել են և կարկուտից, և սելավներից, և երաշտից: Ցածր բերքաատվությունն ինչպես է անդրադառնալու ալյուրի և հացի գներին: Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով` գնաճը բացառվում է։

Եթե անբարենպաստ գյուղատնտեսական տարվա իրական վնասները հաշվարկելը անհնար է, ապա պետական բյուջեից դրա հետևանքնրը վերացնելուն ուղղավելիք միջոցների չափը հայտնի է: Նախ հողի հարկից և վարձավճարներից կազատվեն համայնքային հողերը, որոնք տուժել են կարկուտից։ Պետպահուստի բոլոր հողերը, անկախ նրանից, թե ինչ բերք է հավաքվել, այս տարի մեկ տարով կազատվեն վարձավճարից:

Պետությունը գույքագրել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին ունեցած պարտքերն ու պարտավորությունները: Աղետի պատճառով դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն մինչև 7 տարի: Առաջիկա աշնանացանի կազմակերպման աջակցության համար որոշում է կայացվելու հողագործներին 350 դրամով դիզվառելիք տրամադրելու վերաբերյալ: Գնի մյուս մասը պետությունը սուբսիդավորելու է:

Սերմացուի խնդիրը լուծելու համար պետությունը ոչ թե այն ներկրելու է, այլ հողագործներին օգնելու է վարկային ռեսուրսով, որպեսզի նրանք ինքնուրույն հայթայթեն սերմը: Հողագործներին առաջարկվելու է ավելի շատ տարածքներ դնել կերային մշակաբույսերի տակ, երեք տարվա կտրվածքով նախատեսվում է այդ տարածքների մակերեսը հասցնել 7-10 հազար հեկտարի։

Ինչ վեարբերում է կարկտահարություններից տուժած այգիներին, ապա մեկ հեկտարի դիմաց այգեգործները հարյուր հազար դրամ են ստանալու: Գյուղնախարարի խոսքով՝ որոշ ծրագրեր պիտի իրագործվերին նաև այն դեպքում, եթե աղետը չլիներ, ինչ վերաբերում է չնախատեսված ծախսերին, ապա դրանք չեն անրադառնա ոչ պետական բյուջեի կատարողականի, ոչ էլ ԳԳԱՀ առաջիկա ծրագրերի վրա։

 

Ցուցադրել ավելի
Back to top button