ԿարևորՔաղաքական

Եզդիական համայնքի կոչը ՀՀ կառավարությանը՝ բարձրաձայնել եզդիների ցեղասպանության մասին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում բնակվող եզդիական համայնքն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել ներկայում Իրաքում եզդիների նկատմամբ տարվող քաղաքականության նկատմամբ։ «Մարդկանց սպանում են միայն նրա համար, որ իրենք եզդի են ծնվել».- հայտարարել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը` եզդիների ջարդերը որակելով որպես ցեղասպանություն: Եզդիները կոչ են անում ՀՀ կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը` հարցը բարձրացնել միջազգային ատյաններում ու խնդրում եմ ամեն շարքային քաղաքացու` հնարավորության դեպքում գումար փոխանցել եղդիներին օգնելու նպատակով բացված հաշվեհամարին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հատուկ հայտարարությամբ Իրաքի Սինջարի տարածքում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների ոչնչացումը որակել է ցեղասպանություն ու կոչ արել կանխել արյունահեղությունը: «Հայտարարություններով ու դատապարտելով, սակայն, Իրաքի լեռներում ամեն օր զոհվող եզդիներին ու նրանց` սովից մահացող երեխաներին չես օգնի: Մեզ կոնկրետ օգնություն է պետք»,- հայտարարում են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:

Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին օրերին Իրաքում զոհվել է 3 000 եզդի, որոնցից 60-ը` երեխա: Տվյալները թերի են, քանի որ ստեղծված խառը իրավիճակում հնարավոր չէ ի մի բերել զոհվածների թիվը, որն ամեն պահի, ցավոք, փոփոխվում է: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շեշտում է` Իրաքում այսօր կատարվում է այն, ինչ 1915թ. Արևմտյան Հայաստանում էր կատարվում: Մարդկանց սպանում են միայն իրենց ազգության համար: Այս ամենը սպառնում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ մշակութային ցեղասպանությամբ։

«Այս բոլորն սկսվել է օգոստոսի 2-ին: Դրա միակ պատճառն այն է, որ եզդիներն այլադավան են ու մահմեդականություն չեն ընդունում: Այստեղ, կարելի է ասել, կրկվում է 1915- ին հայերի հանդեպ իրագործված ցեղասպանությունը, որովհետեւ եզդիներին նույնպես սպանում են, տեղահան են անում միմիայն այն բանի համար, որ նրանք եզդի են»,- ասում է Շարոյանը։

Նախորդ շաբաթ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրոհել է միայն եզդիներով բնակեցված բնակավայրը՝ Սինջարը: 300 հազար եզդի բնակիչ ունեցող շրջանը եզդիաթափվել է, մնացել է ընդամենը 25.000-ը։ Այս պահին շուրջ 70 հազար եզդիներ ապաստան են գտել լեռներում ու մնում են շրջափակված, նրանց համար անհասանելի են անգամ ջուրն ու սննդամթերքը: Ահաբեկիչները գերեվարում ու սպանում են բոլոր նրանց, ովքեր դավանափոխ չեն լինում եւ մահմեդականություն չեն ընդունում։ Հայաստանի եզդիներն անգամ տվյալներ ունեն, որ շուրջ 500 եզդի կանանց գերեվարել ու տարել են Մոսուլ քաղաք:

Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ջիհադ են հայտարարել բոլոր քրիստոնյաներին ու ոչ մահմեդականներին։  Հայտարարվում է, թե եթե անգամ մեկ եզդի սպանես, դրախտ կընկնես: «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը հիշեցնում է` այս ահաբեկիչները «Ալ Կաիդա»-ի հետնորդներն են, այս խմբավորումը բոլոր ծայրահեղ իսլամիստներին է մեկտեղել իր տանիքի տակ: Դրանք ողջ մայրցամաքը գրավելու ծրագիր ունեն։

«Ադրբեջանական ծայրահեղական իսլամիստներ նույնպես կան այդ խմբավորման մեջ ու մասնակցում են այս կռվին: Պատկերացնում ենք, ինչ կարող է լինել, եթե նրանք պատրաստվում են հասնել մինչեւ Կիպրոս: Կարծում եմ` բոլորի համար պարզ են նրանց հետագա քայլերը: Այսինքն` սա ոչ միայն եզդիների համար է վտանգ ներկայացնում, այլեւ ամբողջ աշխարհի, այդ թվում` Հայաստանի»,- նշում է Սուլթանյանը։

Հայաստանում այսօր 50-60 հազար եզդի է ապրում: Մեր երկրի եզդիական համայնքը համախմբվել ու ցանկանում է օգնել իրենց ազգակիցներին: Նրանք, սակայն, լուրջ աջակցության կարիք ունեն: Եզդիները կոչ են անում ՀՀ կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը` հարցը բարձրացնել միջազգային ատյաններում` «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» խմբավորումը ճանաչել որպես ահաբեկչական ու ստիպելու դադարեցնել ջարդերը։

Հայաստանում եզդիական համայնքը նաեւ հաշվեհամար է բացել և խնդրում է բոլորին իրենց փոքր միջոցներով օգնել ծանր վիճակում հայտնված Իրաքի եզդիներին: Գումար կարելի է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ «ՎՏԲ Հայաստան բանկ», հաշվեհամար՝ 16041030574400։

Տեղեկացնենք նաեւ` ԱՄՆ օդուժը մարդասիրական օգնություն է հասցրել Իրաքի հյուսիսում գրոհայինների շրջափակման մեջ գտնվող բնակիչներին, հայտնում է Reuters-ը: Իսկ մինչ այդ «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում զգալի տարածքներ է գրավել: Այն երեկ գրավել է նաև կարևոր նշանակության ռազմաբազա Սիրիայում։

Ցուցադրել ավելի
Back to top button