Հասարակություն

Ամուսնալուծությունները նվազեցնելու համար պետք է ընթացակարգի դժվարացում եւ հոգեբան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Եթե դատական օրենսգրքով բարդացվի ամուսնալուծությունների ընթացակարգը, ամուսնալուծությունների թիվւը միանշանակ կնվազի, այսօր ասել է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան՝ Լիանա Բալյանը: Ըստ նրա՝ ամուսնալուծությունների թիվն աճում է մի շարք պատճառներով, դրանք հիմնականում գալիս են ընտանեկան օրենսգրքում առկա թերություններից: Լիանա Բալյանն ու Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն առաջարկում են փոփոխություններ կատարել ընտանեկան օրենսգրքում, որոնք խթան կհանդիսանան ամուսնալուծությունների կրճատմանը և ընտանիքի ամրապնդմանը:

Վերջին 10 տարիներին ամուսնալուծությունների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով: Հիմնական պատճառն ընտանեկան օրենսգրքում առկա լուրջ թերություններ են, ասում է Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան՝ Լիանա Բալյանը: Շատ հաճախ զույգերը դիմում են դատարան պահի ազդեցության տակ` էմոցիոնալ ֆոնի վրա և չկա մեկը, ով նրանց հետ բացատրական և հոգեբանական աշխատանք տանի:

Փաստաբան Լիանա Բալյանը վստահ է, եթե ընտանեկան դժվար պահերին զույգերին հոգեբանական աջակցություն ցուցաբերվի, ամուսնալուծությունների մեծ մասը կկանխվի։  Լիանա Բալյանը կարծում է, որ ընտանեկան օրենսգրքում պետք է կատարվեն որոշակի փոփոխություններ և դատական գործում պարտադիր կողմ հանդիսանա նաև հոգեբանը:

Եթե գործի հոգեբանի ինստիտուտը, կվերականգնվեն նաև շատ ընտանիքներ, Լիանա Բալյանի հետ համաձայն է «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը: Նա ևս վստահ է, որ եթե հույսը դրվի միայն փաստաբանի վրա, այդ ընտանիքը հաստատ կքանդվի։

Ի դեպ`Խաչատուր Մարոզյանի տարիների փորձը ցույց է տվել, որ ամուսնալուծվելուց հետո զույքերի ավելի քան 60 տոկոսը փոշմանում են: Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիան մի շարք փաստաբանների հետ միասին երկուշաբթի օրը ԱԺ եւ կառավարություն են ներկայացնելու իրենց առաջարկները։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button