Քաղաքական

Ադրբեջանի վաղուց գնած զենքերի մասին լուրերի տարածումը հոգեբանական պատերազմի ձև է

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից զենքի ձեռքբերման իրողությունը օգտագործել քարոզչական նպատակներով, հաղորդում է «Արմենպրեսը»։

Մասնագետների համոզմամբ, մի քանի անգամ արդեն շրջանառված տեղեկատվության հրապարակումը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատերազմի ձև: Վերջին օրինակը ТОС-1А «Солнцепёк» ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակի, ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջների և ИМР-3М ինժեներային մեքենաների առաջին խմբաքանակի ներկրման մասին տեղեկատվությունն էր:

«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է,
որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ դեռ 2006-2007 թվականններին էր կնքել զենքի ձեռքբերման տարբեր պայմանագրեր, և
զինատեսակները փոքր խմբերով ներկրվում են Ադրբեջան: «Դա նոր խմբաքանակ չի, այլ նախկին պատվերների մասնաբաժին, որը նոր է ուղարկվում: Նոր խմբաքանակ բառը այստեղ խաբուսիկ է, քանի որ խոսքը վերաբերում է հին գնումների: Իրենց տեղեկատվական պատերազմ վարողներն օգտագորում են այդ հանգամանքը և փորձում լրացուցիչ ազդեցություն գործել«,- ասել է Հովհաննիսյանը:

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի խոսքով` նշված զինատեսակների գնման մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռ 2-3 տարի առաջ: Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է զենքի ներկրման մասին տեղեկություններով ազդել լսարանի վրա: «Սպառազինության ձեռք բերման հանգամանքն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես հոգեբանական պատերազմի ձև, որը լավ է ազդում մեզ վրա: Իրենք օգտագործում են զենքի գնման փաստը նաև քարոզչական նպատակով»,- ասել է փորձագետը:

Ադրբեջանը 2011 թվականի ընթացքում «Уралвагонз авод» ընկերությունից պատվիրել էր տարբեր զինատեսակներ: Ներկայումս այդ զինատեսակների ներկրումը ներկայացվում է որպես նոր խմբաքանակի ձեռքբերում, ինչը շփոթություն է ստեղծում ընթերցողների մոտ:

Ցուցադրել ավելի
Back to top button