Մշակույթ

Ծաղկաձորում մեկնարկում է Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն ներկայացուցիչներ 5 երկրից: Կազմակերպիչները խոստանում են բավականին հագեցած եւ հետաքրքիր ներկայացումներ ու միջոցառումներ։ Եթե մի փառատոն կայանում է չորրորդ անգամ, նշանակում է այն հաստատել է իրեն, սպասված է եւ սիրված` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել մշակույթի նախարարության նեկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը` նշելով, որ նախարարությունը լիակատար աջակցում է նախաձեռնությանը:

Գնալով մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցության թիվն ու աշխարհագրությունն ընդլայնվում է՝ Ճապոնիա, Թայլանդ, Իրան, Ֆրանսիա, Գերմանիա: Փառատոնին մասնակցելու հայտերը, սակայն, այս երկրներով չի սահմանափակվում:

Մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը կարեւոր ցուցանիշ եւ ձեռքբերում է համարում այս փաստը: Նրա խոսքով, սակայն, մնջախաղի միջազգային փառատոնի նպատակներն ու խնդիրները դրանով չեն ավարտվում։

Դադասյանի փոխանցմամբ` օգոստոսի 10-15-ը անցկացվելիք փառատոնում եւս հետաքրքիր նորություններ կլինեն: Տարբեր երկրներից ժամանած մնջախաղի վարպետները կանցկացնեն նաեւ վարպետության դասեր, որոնց նպատակն արվեստի այս ճյուղի զարգացումն ու տարածումն է: Արդյունքում` մեր աչքն ավելի կսովորի փողոցում աշխատող դերասանին եւ, առհասարակ, ժպիտը կշատանա, ասում է փառատոնի տնօրենը։

Հայաստանի մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով` նախարարությունը կարեւորում է միջազգային փառատոնի անցկացումը Հայաստանում, քանի որ այն իր տեսակի մեջ յուրօրինակ ձեռնարկ է, որ ուրույն տեղ ունի մեր մշակութային կյանքում։

Ծաղկաձորյան Մնջախաղի միջազգային փառատոնի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մշտապես վառ է պահում մեր մնջախաղի բացառիկ վարպետի` Լեոնիդ Ենգիբարյանի անունը։

 

 

 

Back to top button