Հասարակություն

ՊՆ ներկայացուցիչը գերեվարված Կարեն Պետրոսյանին ադրբեջանական ԶԼՄ- ներում ներկայացրածը «վատ բեմականացված շոու» է գնահատել

Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է, panorama- ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութն ու լուսանկարները, որոնցում իբր առգրավված զենքեր են, երիտասարդի հագին զինվորական զգեստ, իսկ բջջային հեռախոսում հայ զինվորների նկարներ։

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Կարեն Պետրոսյանին, ինչպես նախկինում, հագցրել են ադրբեջանական համազգեստ: Ինչ վերաբերում է նկարներում և տեսանյութում եղած Nokia բջջային հեռախոսին, ապա, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, դա հին մոդելի հեռախոս է, որով հնարավոր չէ նման նկարներ անել. «Լուսանկարներում էլ 2003-2004-ի համազգեստներից է»։

Անդրադառնալով իբր առգրավված զենքերին, ՊՆ խոսնակն ասել է. «Ասում են, որ հայ դիվերսանտներից են առգրավել, բայց մի զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես իրենց դիվերսանտերից մեր առգրավածների դեպքում էր: Լրիվ մաքուր, նոր զենքեր էին»։

Նշենք՝ նախօրեին սահմանը հատած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները նախ տեղեկություններ հրապարակեցին, թե նա 1965 թվականի ծնված է, սխալ էր նաև ազգանունը: Ապա ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառեց լուրեր, թե նա դիվերսանտ է, անցել է սահմանը ևս երեք հուգու հետ, ովքեր ականի պայթյունից մահացել են: Այս վարկածը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է:

Ցուցադրել ավելի
Back to top button