ԿարևորՏնտեսական

Նախարարը խոստովանում է. էներգետիկ եւ ընդերքի շահագործման ոլորտներում ծանր խնդիրներ կան (լրացված)

լրացվել է ժամը 16։56- ին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն այսօր, մեղմ ասած, բարվոք չէ, իսկ խնդիրների հիմքում ֆինանսական հարցերն են ու կուտակված պարտքերը: Այսօր Երեւանի ջերմաէլեկտրակայան այցի ժամանակ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեությունն ամփոփելիս նշել է նախարար Երվանդ Զախարյանը: Կառավարությունն այսօր ձեռնամուխ է եղել էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կյանքի կոչմանը: Նախարարի խոսքով` վերջին տարիներին թե այս, թե հանքարդյունաբերության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են արմատացել, որոնք լուծման իրենց հերթին են սպասում։

Երեք ամիս` նոր պաշտոնում, եւ բազմաթիվ հին ու նոր խնդիրներ: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն է ամփոփում իր հարյուրօրյա գործունեությունը ու ձեռքբերումներից շատ խնդիրներից խոսում: Թիվ մեկ խնդիրը ֆինանսական սղությունն է: Էներգետիկ համակարգի հսկաները` ՀԱԷԿ-ն ու Երեւանի ՋԷԿ-ն այսօր վնասով են աշխատում, ու անգամ հունիսին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը չի ծածկում ծախսերը: «Նաիրիտի» ու «Վանաձորքիմպրոմի» աշխատակիցների հանդեպ աշխատավարձերի պարտքերն էլ մյուս կողմից են ծանրացել:Ջրի սակավության պատճառով ՀԷԿ-երն էլ այս տարի նախատեսվածից պակաս են էլեկտրաէներգիա արտադրել: Ու միայն Հայաստանի էլեկտրական ցանցերում կուտակվել է 27.6 մլրդ դրամի պարտք։

«Ֆինանսական վիճակով է պայմանավորված ընդհանրապես համակարգի հետագա կայուն եւ անվտանգ աշխատանքը: Մեր այս 3 ամիսների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ համակարգում ֆինանսական վիճակը բարդ է ու ծանր»,- ասում է նախարարը։

Անդրադառնալով «Ռադիոլուրի» հարցին, թե արդյո՞ք էներգետիկ համակարգում կուտակված խնդիրներն ու պարտքերը կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների նոր բարձրացման, Երվանդ Զախարյանը պատասխանում է, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է հետաձգել սակագնի նոր վերանայումները` «գոնե առաջիկա 1-2 տարվա համար»: Կառավարությունը, ըստ նրա, այսօր ձեռնամուխ է եղել էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կյանքի կոչմանը:

Կուտակված պարտքերը մարելու նպատակով կառավարությունը որպես ելք հնարավոր է համարում ցածր տոկոսադրույքներով վարկերի ներգրավումը: Բայց այսօրվա դրությամբ առկա վարկերն էլ քիչ չեն, այն էլ առեւտրային վարկերի բարձր տոկոսադրույքով, խոստովանում է նախարարը։ «Այսօր էներգետիկ համակարգում պետական ընկերություններում առկա է արդեն 136.9 մլրդ դրամի վարկային պարտավորություն, որից 129 մլրդ-ը երկարաժամկետ բյուջետային վարկեր են, որոնք օգտագործվել են ներդրումների նպատակով Երեւանի ՋԷԿ-ում` 102 մլրդ դրամ, եւ բարձրավոլտ էլեկտրացանցեր»։

Բայց ներդրումների համար կուտակված վարկերն էլ լիովին իրենց նպատակին չեն ծառայել: Էլեկտրաէներգիայի իրացման համակարգում կորուստներն անհիմն բարձր են` 13.5 տոկոս, արձանագրում է Երվանդ Զախարյանը։ Չնայած ներդրումներին` վերջին մի քանի տարում այդ կորուստը ոչ մի տոկոսով չի նվազել: Կորուստների նորմալ ցուցանիշը 8-10 տոկոսն է, դրան նպատակ է դրվում հասնել 1-2 տարում: Կորուստներին զուգահեռ` սպառողներն էլ են այսօր շարունակ դժգոհում, որ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց հավելագրումներ են գալիս։

Խոսելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ատոմակայանի մասին` նախարարը ներկայացրեց դրան առնչվող փոփոխված անելիքները: Մասնավորապես՝ անհրաժեշտ 4.5-4.9 մլրդ դոլարը ներգրավելու խնդիրների պատճառով Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ժամկետերը երկարաձգվել են մինչեւ 2026 թվական: Մինչ այդ` 2017-ի գարնանը, ատոմակայանի գործող բլոկը 6 ամսով կկանգնեցվի արդիականացման եւ հիմնանորոգման: «Մեծամորի ատոմակայանը կգործի այնքան ժամանակ, մինչեւ նոր էներգաբլոկը կկառուցվի»,-շեշտեց Զախարյանը։

Այս տարվա 6 ամսվա տվյալները ցույց են տալիս` երկրում նախորդ տարվա համեմատ պակաս էլեկտաէներգիա է արտադրվել ու իրացվել, նաեւ ավել գազ է ներկրվել, բայց պակաս սպառվել: Բացասական ցուցանիշերի արմատները Զախարյանը տնտեսական խնդիրների մեջ է տեսնում։ «Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ այս տարի 3.25 տոկոսով պակաս է էլեկտրաէներգիա արտադրվել, այդ թվում` ՀԱԷԿ-ի կողմից` 3.25 տոկոսով, ՀԷԿ-երի կողմից` 7.7 տոկոսով»։

Ընդերքի կառավարման ոլորտում վերջին լայնածավալ ուսումնասիրությունները բազմաթիվ խախտումներ ու խնդիրներ են բացահայտել: Մինչ այժմ հանքերի շահագործման թույլտվությունը տրվել է հին պայմանական կոորդինատներով: Այդ պատճառով էլ շատ դեպքերում ընդերքի շահագործման թույլտվություն ստացած անձինք իրենց հատկացված տարածքից էլ դուրս են շահագործել հանքերը: Իսկ լուրջ ու ծավալուն վերահսկողության բացակայությունը հանգեցրել է նրան, որ թույլատրվածից ավելի ծավալներ են արդյունահանվել:

Վարչապետի հրահանգով նախարարի որոշումն է` լուրջ ուսումնասիրություններ սկսել հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկություններում: Վերջին 1-2 ամսում հին կոորդինատներից նորագույն կոորդինացման համակարգին անցումը թույլ կտա ճշգրիտ հաշվառել ու չափել հանքերի արդյունահանումն ու այսուհետ լրջագույն վերահսկողություն իրականացնել` թվայնացված փաստաթղթերով:

Զախարյանը խուսափում է գնահատական տալ նախորդ նախարարի` Արմեն Մովսիսյանի աշխատանքին, «ներկայացնում եմ այն, ինչ ունենք»,-ասում է` միաժամանակ շեշտելով` խնդիրներին լուծումներ են փնտրվում, ու շատ դեպքերում դրանք գտնվում են: Դեռ անորոշ է, սակայն, «Նաիրիտի» ճակատագիրը: Կաուչուկի հսկայի վերակենդանացման համար ներդրումներ էին ակնկալվում ռուսական «Ռոսնեֆտից», բայց դրա հանդեպ պատժամիջոցները նվազեցնում են ակնկալիքները։

Ցուցադրել ավելի
Back to top button