Հասարակություն

Խոսքի ազատության վիճակն այս տարի 2013- ի համեմատ ավելի բարվոք է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրել է հայաստանյան լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումներն ու նրանց իրավունքների ոտնահարման կիսամյակային արդյունքները: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը չի փոխվել, և խոսքի ազատության սահմանափակումները շարունակում են մնալ մտահոգիչ: Ներկայացնելով կոնկրետ օրինակներ՝ կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև ֆեյսբուքյան գրառումներին: Խոսզի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5, ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումների 29 և տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 10 դեպք:

2014 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների համար բավականին բարդ շրջան էր: Նրանց վիճակված էր դիմակայել իրենց իրավունքները և ընդհանրապես խոսքի ազատությունը սահմանափակելու բազմաթիվ փորձերի: Որոշ մարտահրավերներ, իհարկե, լրատվամիջոցներին հաջողվել է հաղթահարել, և դրանցից մեկը վերաբերում է մարտի 4-ին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, ըստ որի՝ սոցիալական ցանցերում անանուն կամ կեղծանունով հանդես եկող օգտատերերի հրապարակումները տարածելու համար լրատվամիջոցը պետք է ենթարկվեր պատասխանատվության:

Մարտի 14-ին, սակայն, լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, պահանջեցին օրինագիծը հանել շրջանառությունից։ Արդյունքում՝ օրինագծի քննարկումը անժամկետ հետաձգվեց: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, իհարկե, այդ հանգամանքը մեծ ձեռքբերում է համարում:

Բայց կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ, որոնցից մեկը ՀՀ դատախազության տարածած հայտարարությունն էր, առ այն, որ առանց թույլտվության նախաքննական գաղտնիք հրապարակելու պարագայում լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ինչպես նաև այլ լրագրողական կազմակերպություններ, գտնում են, որ քայլերը թաքնված գրաքննության դասական օրինակ են»:

Հետևելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակում է արձանագրել լրագրողների իրավունքների խախտըումների դեպքերը, որոնք 2013 թ-ի համեմատ նվազել են: «Եթե համեմատենք 2013 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա ֆիզիկական բռնությունների թիվը 1-ով պակասել է, ճնշումների թիվը՝ 5-ով է պակասել, բայց տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը 4-ով ավելացել է»։

Աշոտ Մելիքյանից «Ռադիոլուրը» հետաքրքրվեց, թե ընդհանրապես տենդենցն ինչպիսին է, արդյո՞ք խոսքի ազատության բնագավառում կարող ենք տարեց տարի արձանագրել հաջողություններ: Կոմիտեի նախագահը նշեց, որ սա այն ոլորտն է, որտեղ տատանումներն անխուսափելի են: Օրինակ՝ «Ֆրիդմ հաուզի» վերջին զեկույցում ասվում է, որ խոսքի ազատությունը հետընթաց է ապրում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում:

Ի դեպ՝ մեդիադաշտում իր առանձնահատուկ տեղն ունի նաև ֆեյսբուք սոցիալական ցանցը, հետևաբար, խոսքի ազատության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաև ֆեյսբուքյան գրառումների և դրանց նկատմամբ ճնշումների ուսումնասիրությունները:

Թեև այս ոլորտը վերահսկելը շատ ավելի բարդ է, այնուամենայնիվ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մեծ ուշադրություն է հատկացնում լրագրողների գործունեությանը նաև այս դաշտում: Պարզապես այդ դեպքում, քանի որ հնարավոր չէ ուսումնասիրել բոլոր հրապարակումներն ու դրանց հետագա ճակատագիրը, Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենք գնում են թեժ գծին եկած ահազանգերի հետքերով։

Back to top button