Քաղաքական

«Դադարեցնել եզդիների ցեղասպանությունը Իրաքում». բողոքի ցույց Իրաքի դեսպանատան մոտ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շուրջ 6 տասնյակ եզդիներ այսօր հավաքվել էին Հայաստանում Իրաքի դեսպանատան առջև՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նրանք Իրաքի դեսպանից պահանջում էին, որ Իրաքի կառավարությունը միջոցներ ձեռնարկի՝ վերջ դնելու Իրաքի Սինջարի տարածքում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների ոչնչացմանը:

Իրաքի ազգային փոքրամասնություններից տասնյակ հազարավոր եզդիներ ապաստան են գտել լեռներում: Պատճառն իրենց բնակավայրը՝ Սինջարը, գրաված «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն են:  Հիշեցենք.,որ նախորդ շաբաթ գրոհայինները գրոհել էին Սինջարը, ինչի հետևանքով այն դատարկվել էր՝ 300.000 բնակչից այժմ մնացել է 25.000-ը։

Այս պահին 70 հազար եզդիները շրջափակված են մնում ու նրանց համար անգամ անհասնելի է ջուրն ու սննդամթերքը: Այսօր եզդիների «Սինջար» միավորումր «Դադարեցնել եզդիների ցեղասպանությունը Իրաքում», «Երեխաները մեղավոր չեն» բովանդակությամբ պաստառներով բողոքի ցույց էին անցկացրեց Իրաքի դեսպանատան դիմաց՝ պահանջելով դադարեցնել Իրաքում եզդիների ցեղասպանությունը։

Բայց մինչ ակցիայի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված եզդիների հիշատակը : Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Սինջարի բնակիչներից շատերին ստիպում են կրոնափոխ լինել, այլապես նրանց կգլխատեն։

Ակցիայի մասնակիցները հայտարարաեցին որ եթե այսօր իրենց բողոքի ձայնը չլսի Իրաքի դեսպանը ,ապա իրենք կդիմեն կտրուկ միջոցների: Անգամ սպառնացին, որ հավկիթներ կնետեն դեսպանատան շենքին։ Սակայն բանը հավակիթներին չհասավ, քանի որ դեսպանը մոտ մեկ ժամից հետո հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ։

Բայց «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց, որ դեսպանն իրենց հույս չի ներշնչել: Վերջինիս խոսքով՝ հիմա բավականին բարդ իրավիճակում են գտնվում, ամբողջ երկրի տարածքով մեկ պատերազմ է, ահաբեկչական խմբավորումներն իրենց համար լուրջ խնդիրներ են առաջացրել, և իրենք հիմա ի զորու չեն օգնել եզդիներին, ուստի փորձում են ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպական կառույցների միջոցով օգնել։

Իրաքի դեսպանատան առջև իրենց ակցիան ավարտելուց հետո եզդիները ուղևորվեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն, իսկ մի մասն էլ՝ ՀՀ արտգործնախարարություն՝ հանդիպելու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ, որ ՀՀ կառավարությունից ևս օգնությւոն խնդրեն։

Ցուցադրել ավելի
Back to top button