Քաղաքական

Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստություն չեն, ասում է պատգամավորը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Սոչի, որտեղ վաղը կկայանա մեր երկրի ղեկավարի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի հետ է հանդիպելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թեև դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չկա, թե հանդիպումը կլինի երկկողմ, թե եռակողմ, սակայն մեզ մոտ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները կարծում են, որ այնուամենայինիվ, Սարգսյան- Ալիև հանդիպում կկայանա: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համար պարզ չէ` եռակողմ հանդիպումը կթուլացնի՞ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը, սակայն մի բան հստակ է՝ խնդիրներին կտրվեն պատասխաններ։

Հզոր, կայացած բանակ, որը վերջին օրերին հայկական հողեր ներթափանցելու փորձեր կատարող ադրբեջանական բանակին ապացուցեց, որ իրենց ոգին մարտական է, կռվելու պատրաստակամությունն անհաղթելի: «Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այս հարցում համոզվում է ամեն անգամ՝ հանդիպելով մեր զինվորների հետ։

Մեր բանակը պատերազմի միշտ է պատրաստ: Թեև հայտարարված է զինադադար, սակայն հակառակորդը բազմիցս է դիմել սադրիչ գործողությունների, ասում է Մարգարիտա Խաչատրյանն ու նշում, որ ցանկությունը մեկն է` զինադադարի պայմաններում խաղաղ ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես վստահ է, որ մեր բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի կողմից յուրաքանչուր գործողություն: 90-ական թվականներին մենք տեսել ենք համախմբված ազգ և վերջին օրերին հայկական կողմի պատասխանը հակառակորդին նույնն ապացուցեց, ասում է Լեռնիկ Ալեքսանյանը և կարծում, որ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստություն չեն։

Պատգամավորը համամիտ չէ այն տեսակետներին, թե Ռուսաստանի դրդման արդյունքում է սահմանում իրավիճակը սրվել։ Տարածաշրջանի լարվածությունը չի բխում Ռուսաստանի շահերից։ Քանի որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, ապա Արևմուտքի վերաբերմունքը, ըստ ՀՀԿ պատգամավորի, փոխվել է Հայաստանի նկատմամբ: «Արևմուտքի դիվանագիտությունը շատ ավելի արտաքին դրսևորումներով տարբեր է, բայց կոշտացում Հայաստանի նկատմամբ նկատելի է և դա չի կարող չարտահայտվել սահմանամերձ գոտում: Ես չեմ ասում, որ դրդում են, բայց Հայաստանի նկատմամբ կա կոշտացում»։

Սակայն այսօր Ադրբեջանի վիճակը շատ ավելի դժվար է, քանի որ Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին տանել Եվրասիական միություն, ինչը չի ցանկանում Արևմուտքը։ Այստեղ Ադրբեջանը կարող է երկակի խաղ խաղալ, ինչը չի կարող անել Հայաստանը, որի պարագայում ուղին արդեն որոշված է, եզրափակեց հանրապետական պատգամավորը։

 

Back to top button