ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. Հայկական զինված ուժերում ծառայության ռեժիմն ուժեղացված է հատկապես գիշերային ժամերին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է, հակառակորդը կատարում է ծավալով և բնույթով ռազմական բնույթի աննախադեպ գործողություններ` հրադադարի ինտենսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողություններ, նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ, կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերում ծառայության ռեժիմն ուժեղացված է, մարտական ոգին` բարձր: Նիստի ժամանակ որոշվել է նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Տավուշի սահմանամերձ գյուղերում հակառակորդի գնդակոծության հետեւանքով տուժած տների բնակիչներին, նաեւ օժանդակել կարկտից ու քամուց տուժած գյուղացիական առանձին տնտեսությունների։ Գործադիրի նիստում այսօր հաշվետվությամբ է հանդես եկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու զեկուցել` հարկային եկամուտներն այս տարի էականորն պակասել են: Նախարարությունը նոր թափ է հաղորդում ստվերի կրճատմանը։

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից ռազմական բնույթի գործողություններն աննախադեպ են 1994-ից հետո: Հակառակորդի դիվերսիոն գործողությունները չի կարելի որակել իբրև զուտ հետախուզական, քանի որ դրանք իրականացվել են ցերեկային ժամերին և բացահայտ ուղղված են եղել հայկական հենակետերին: Բոլոր փորձերը ձախողվել են, սակայն, ցավոք, հայկական կողմն ունեցել է կորուստներ. կառավարության նիստը դեռ չսկսված` օրակարգային բոլոր հարցերից առաջ զեկուցում է պաշտպանության նախարարը:

Իր բնակավայրերում էլ Ադրբեջանն ուժեղացրել է ոստիկանական ռեժիմը, նաև որոշակի քայլեր է իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման ու զգուշացման ուղղությամբ: «Այս ամենը հետևանք է հռետորաբանության, նպատակ ունի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ ազդել բանակցային գործընթացի վրա և վերացնել պարտվածի թերարժեքության զգացումը»,- շեշտեց Սեյրան Օհանյանը` նկատելով` Ադրբեջանի գործողությունները հենց ադրբեջանական որոշ գյուղերում խուճապ է առաջացրել, հետևաբար նաև արտահոսք:

Հայկական զինված ուժերում ծառայության ռեժիմն ուժեղացված է հատկապես գիշերային ժամերին, մարտական ոգին չափազանց բարձր է: «Թուրքը մնում է թուրք, և մենք գործելու ենք այն կանոններով, որով իրենք են փորձում գործել մեր նկատմամբ»,- հայտարարեց պաշտպանության նախարարը։

«Իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն ամբողջությամբ հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն եւ տրամաբանությանը: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը: Բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը` կոչ ենք անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից եւ ջանքեր կիրառել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Մենք նաեւ գնահատում ենք օտարերկրյա պետությունների հայտարարությունները, որոնք պարբերաբար կոչ են անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից եւ ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Կառավարության անդամներն այսօր գործադիրի հերթական նիստին մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին շաբաթվա ընթացքում սահմանին զոհված հայ զինվորների հիշատակը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն առաջարկեց պաշտպանության նախարարությանը` բանակի հետ ծառայություն կատարելու համար տրամադրել նաեւ քաղաքացիական պաշտպանության զորքերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հարցին պետք է մոտենալ զգուշորեն, սակայն հարցը քննարկման կդրվի

Գնդակոծությունից տուժած բնակիչներին պետական օժանդակություն կցուցաբերվի
Նիստում որոշվեց նաեւ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման ռիսկի տակ գտնվող սահմանամերձ համայնքների բնակիչներին նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը վերանայել: Մեկ այլ որոշմամբ` Տավուշում վերջին գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 20 մլն դրամ կհատկացվի: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց. «Շիրակում քամու եւ կարկտահարության հետեւանքով վնասների մասնակի փոխհատուցման նպատակով 9 համայնքի կհատկացվի 37.9 մլն դրամ»։

Տնտեսության ակտիվության ցուցանիշը ցածր է կանխատեսվածից
Ֆինանսների նախարարը հանդես եկավ այս տարվա առաջին 7 ամիսների գործունեության հաշվետվությամբ: Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց` այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամիսների կտրվածքով կանխատեսվածից ցածր է` 3,4 տոկոս: Հարկային եկամուտներն այս տարի զգալիորեն կրճատվել են: Միայն հանքահումքային ոլորտի խոշոր կազմակերպությունների կողմից շուրջ 21 մլրդ դրամի շահութահարկ պակաս է վճարվել: Դա միջազգային շուկաներում վերջին միտումներով է բացատրվում:

Պակաս հարկ են վճարել նաեւ ֆինանսական մի շարք խոշոր հաստատություններ: Դա պատճառաբանվում է անհուսալի վարկերի ու ֆինանսական խոշոր ծախսերի դուրս գրմամբ: Բյուջեի հետ հարաբերությունները ճշգրտելու նպատակով մի շարք խոշոր ձեռնարկություններում ստուգումներ կանցկացվեն: Ֆինանսների նախարարը հիշեցնում է իրենց հորդորը կասկածելի հարկային ցուցանիշ ունեցող ձեռնարկություններին` ինքնահայտարարագրման միջոցով բարելավել սեփական ցուցանիշերը, այլապես ստուգումներից դրանք զերծ չեն մնա: Անբարեխիղճ հարկատուները կոշտ վարչարարության կառնչվեն:

«Հատկապես խոշոր իրավախախտ հարկ վճարողների նկատմամբ անհրաժեշտ արդյունավետություն չենք ապահովել հարկային պարտավորությունների հաշվարկման անուղղակի մեթոդների կիրառման գործում: Դեռեւս լավ ցուցանիշեր չենք ապահովել չգրանցված աշխատողներ հայտնաբերելու եւ արձանագրելու հարցում»,- նկատեց նախարարը։

Նախատեսվում է հարավային երկաթուղի կառուցել
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում նոր` հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին, որի իրականացման ժամկետերը, միջոցառումներն ու ծախսերը դեռ հստակ չեն: Այս հարցերն առաջիկա 2 ամսում պետք է հտակեցվեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ` դա հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալ նոր երկաթգիծ, ինչը երկրի հարավային շրջանները կմիացնի հյուսիսային շրջաններին։ «Այն ունի ռազմավարական ու տնտեսական առաջնային նշանակություն՝ որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ»,- ասաց նա։

Հստակեցվեց 250 պետծառայողի մատչելի բնակարան տրամադրելու կարգը
Այսօր հաստատվեցին նաեւ շուրջ 250 պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի որոշ դրույթներ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգն արդեն հստակ է:

Ֆինանսական հաշտարարը կքննի նաեւ վարկային բյուրոների դեմ բողոքները
Մեկ այլ որոշման համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննարկման առարկա կդառնան նաեւ քաղաքացիների բողոքներն` ուղղված վարկային տարբեր բյուրոների դեմ, ինչի հնարավորությունը մինչ այժմ չկար: Ֆինանսական կառույցների համար նաեւ հաճախորդների հետ վարվելակերպի կանոններ են հաստատվում, որոնց խախտման դեպքում դրանք պարտավորվում են 300 հազար դրամի տույժ վճարել:

Սեւ եւ գունավոր մետաղների հանձնումը եւ ընդունումը՝ միայն փաստաթղթով
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն` քաղաքացիներն այսուհետ կարող են սեւ կամ գունավոր ջարդոնը մետաղի ընդունման կետերում հանձնել միայն անձը հաստատող փաստաթղթով: Իսկ ընդունողներն ու վաճառողները պարտավոր են յուրաքանչյուր գործարքը գրանցել մատյանում, որի օրինակն ու կարգն այսօր հաստատեց կառավարությունը: Սա կասկածելի ծագման մետաղաջարդոնի, այդ թվում՝ գողացված եւ մասնատված հաստոցների, սարքերի եւ այլն վաճառքը բացառելու նպատակ է հետապնդում:

Ցուցադրել ավելի
Back to top button