Քաղաքական

Սահմանային լարվածության քննարկումներում հիշեցին բրեժնեւյան դարաշրջանի անեկդոտը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ո՜չ, պատերազմ չի լինի, խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարի վրա չի մնա»,- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր  սահմանային վերջին օրերի լարվածության մասին գնահատական տալիս հիշեց բրեժնեւյան շրջանի անեկդոտը: Դիվերսիոն վերջին գործողությունների, Սոչում նախագահների հանդիպման և հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին են խոսել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

1994 թվականի հրադադարից հետո մեր միակ ձեռքբերումը բանակն է: Վերջին 20 տարիների ընթացքում մենք այդպես էլ չօգտագործեցինք հրադադարից հետո մեզ տրված հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ մենք մինչև վերջ լուրջ չենք վերաբերվում այն հակամարտությանը, որ ունենք Ադրբեջանի Հանրապետության հետ, խոսելով վերջին օրերին սահմանային լարվածության մասին` նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Իսկ պատերազմի հավանականության մասին նրա պատկերացումները ուղիղ համեմատական են Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի ժամանակաշրջանի հայտնի անեկդոտին։ Պատերազմ կլինի՞ հարցին Բրեժնեւը պատասխանում է. «Ո՜չ, պատերազմ չի լինի, խաղաղության համար այնպիսի պայքար կլինի, որ քարը քարի վրա չի մնա»։

Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, միայն խոսում է երկրի դիվանագիտության պարտության մասին, նշեց,«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով այս առումով կարծում է, որ դիվանագիտական պարտությունները և բանակի հաղթանակները համարժեք չեն։

Անդրադառնալով նախագահների Սոչիում կայանալիք հանդիպմանը՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ իր համար լինելու է երկու նախագահների հանդիպում: Ռուսաստանի նախագահը, ըստ նրա, ներկա է լինելու որպես միջնորդ։ «Ուկրաինայում պարտված Պուտինը խաղաղասիրական նախաձեռնությամբ հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև խաղաղության աղավնի, իբրև մի մարդ, ով ի զորու է ոչ միայն հրահրել կոնֆլիկտ, այլև լուծել այդ կոնֆլիկտը»։

Անուշ Սեդրակյանը կարծում է, ոը հանդիպումից հետո սահմանի վրա իրավիճակը ժամանակավորապես կհանդարտվի: Այդ հանդիպումը կլուծի Պուտինի PR- ի հարցը, քանի որ եթե նա ընկալվում է պատերազմի հրահրող, հանդիպումից հետո կընկալվի խաղաղության աղավնի: Այս ամենի մեջ Անուշ Սեդրակյանը պատահական չի համարում նաև հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորումը։ « Նայեք իրերի հաջորդականությանը: Սկզբում Եվրազեսի մասին հայտարարությունը, հետո Եվրազեսի հայտարարության հետ կապված ՀԱՊԿ-ի զորքերի անգործության մասին խնդիրը, այնուհետև հաջորդում է Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը: Երբ մենք խոսում ենք կեղտոտ փողերի մասին, ես վստահ եմ, որ ռուսաստանցի գործարարների 99.99 %-ը ներգրավված են փողերի լվացման մեջ: Ինչո՞ւ հանկարծ թիրախ է դառնում այն մարդը, ով Արցախի համար մեծ ներդրում ունեցող մարդ է, դրանից հետո հետևում են սահմանային խժդժությունները: Ուղղակի հետևեք իրերի զարգացմանը»,- ասաց Անուշ Սեդրակյանը։

Այն, որ Լևոն Հայրապետյանը կոնկրետ հետապնդումների հետևանքով է հայտնվել նման իրավիճակում, կասկած անգամ չունի նաև ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ պետք է ամենաբարձր մակարդակով բարձրացնի նաև Լևոն Հայրապետյանի ազատության հարցը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button