Հասարակություն

«Դեմ եմ». Կենսաթոշակային վերջին փոփոխությունները վնասում են գիտակրթական ոլորտին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Կուտակային կնեսաթոշակների» մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները դժգոհության ալիք են բարձրացրել պետական համակարգի և հատկապես կրթական ոլորտի աշխատողների շրջանում: Գիտական գործով զբաղվելն այսօր արդեն համարվում է և՜ ոչ արդյունավետ, և՜ ոչ եկամտաբեր: Եթե այսօր երիտասարդ գիտնականը գիտությամբ զբաղվելը համատեղում է մասնավոր, սակայն հիմնական աշխատանքի հետ, ապա, ըստ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների, նրանք չեն կարող մինչեւ 2017 թ. հուլիսի 1- ը հրաժարվել սոցիալական նպատակային վճար կատարելուց։ Իրավիճակը շատ ու շատ երիտասարդ գիտնականների ու դասախոսների (հիմնականում ՏՏ ոլորտում աշխատող) ստիպել է հրաժարվել գիտությամբ զբաղվելուց։

«Ինչպես բազմիցս զգուշացրել էինք, պետական համակարգի աշխատակիցները կցանկանան հեռանալ, որովհետև պետական համակարգում մուծումներ պետք է անեն: Իսկ շատերը, ովքեր մինչև այս համատեղությամբ էին աշխատում պետական և մասնավոր սեկտորում, ստիպված կլինեն իրենց հիմնական աշխատանքից մուծումներ անել»,- ասում է Գրիգոր Պետրոսյանը։

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ, նախկին գիտաշխատող Տիգրան Գրիգորյանը, սակայն, նշում է, որ իրենց այս քայլով նպատակ չունեն խարխլել պետության գիտական համակարգը: Սա մի քայլ է` ցույց տալու կառավարությանը, որ գիտությամբ զբաղվողները չունեն որևէ պետական աջակցություն։ «Ես կուզենայի կոչ անել բոլոր այն դասախոսներին, ովքեր սեպտեմբերին պետք է վերակնքեն իրենց պայմանագրերը, ովքեր համատեղությամբ են դասավանդում, պարզապես չանել դա: Մի վերակնքեք ձեր պայմանագրերը սեպտեմբերին, որովհետև ընկնելու եք կենսաթոշակայինի ծուղակի մեջ»,- ասում է նա։

Եթե նախորդ օրենքում կային շատ թերի կետեր, ապա այս նորն էլ չի տարբերվում հնից, ասում են նախաձեռնության գիտաշխատող անդամները և շեշտում, որ նոր օրենքում թերացումները շատ են, իսկ նման օրենքի հապճեպ ընդունումը լուրջ համարել հնարավոր չէ: «Դեմ եմ»- ի նախաձեռնություններից մեկն է առաջիկայում ստեղծել այլընտրանքային կրթական համակարգ: Բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ առանց որևէ ակնկալիքի պատրաստ են իրենց գիտելիքը կիսել երիտասարդ սերնդի հետ, սակայն , ըստ նրանց, միայն անհրաժեշտ է ստեղծել գիտությամբ զբաղվելու համար անվնաս միջավայր։

Ցուցադրել ավելի
Back to top button