Հասարակություն

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր անցկացվեց բողոքի երթ՝ ի պաշտպանություն գործարար Լեւոն Հայրապետյանի, որին ՌԴ իրավապահները հուլիսի 25- ին ձերբակալել են փողերի լվացման մեղադրանքով։ Ցույցի մասնակիցները կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ նշելով, որ սա Ադրբեջանի եւ ռուսական որոշ շրջանակների դավադրության արդյունքն է։

Արցախահայ գործարար Լեւոն Հայրապետյանին եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը, ասում է, որ երեկ խոսել իր հայրիկի հետ, ով ասել է, որ բարերարը իրեն ֆիզիկապես վատ է զգում, բայց հոգեպես ուժեղ է: Գուրգենն ասում է, որ Լևոն Հայրապետյանի համար եւս անհասկանալի է այն ամենը, ինչ կիրառվում է նրա նկատմամբ:

Բարերարի եղբորորդին առայժմ դժվարանում է վարկածներ առաջ քաշել, առավել ևս խոսել զարգացումների քաղաքական դրդապատճառների մասին։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշում է, որ գործարարի ձերբակալումը անուղղակի ճնշում է Ղարաբաղյան հիմնահարցի վրա: Բայց նա համոզված է, որ Հայաստանը գործարարի հարցում կարող է լեզու գտնել Ռուսաստանի հետ, որովհետեւ, ըստ նրա, Ռուսաստանում կան հումանիզմի ավանդույթներ:

Դերասան երգիչ Միքայել Պողոսյանը, ով այսօր եւս մասնակցում էր բողոքի ակցիային, նշում է, որ բարերարին անձամբ է ճանաչում ու այս պահին խնդիրն այն չէ, թե ինչու են գործարարին ձերբակալել, այլ այն, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը։

Ակցիայի մասնակիցներից շատերը բացառում էին փողերի լվացման մեղադրանքը եւ պնդում, որ գործարարի ձերբակալման միակ պատճառը Ադրբեջանի քաղաքական պատվերն է: Նրանց խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակը եւ գործարարի ձերբակալման ժամկետները պատահաբար չէ, որ համընկնում են։ «Ադրբեջանցիներին վախեցնում է հայ գործարարի դերն ու գործունեությունը Արցախում, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում»։

Տեղեկացեննք,որ ակցիայի մասնակիցները երթով հասան դեպի ՀՀ նախագահական նստավայր և նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին: Մինչ այդ ընթերցեցին նամակը, որտեղ, մասնավորոպես, ասված էր, որ ՀՀ մտահոգ քաղաքացիները պահանջում են անհապաղ ազատ արձակել բարերար Լևոն Հայրապետյանին, քանի որ 65-ամյա գործարարը վատառողջ է, ունի անհետաձգելի բուժման անհրաժեշտություն եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը կարող է ճակատագրական լինել գործարարի համար:

Նամակում նշված էր, որ Լևոն Հայրապետյանը նաեւ ՀՀ քաղաքացի է, հետևաբար՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Սերժ Սարգսյանից, որպեսզի վերջինս միջամտի գործին եւ ձեռնարկի հնարավոր ամենը՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։

 

Ցուցադրել ավելի
Back to top button