Տուսկ. Կտրուկ աճել է ռուսական զորքի ներխուժման վտանգը Ռուսաստան


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր հայտարարել է, թե լուրջ պատճառներ ունի կասկածելու, որ Ուկրաինայի ռազմական գործողություններին Ռուսաստանի զինուժը մտադիր է անմիջական մասնակցություն բերել: «Վերջին մի քանի ժամերին մենք ստացել ենք տեղեկություն, որ կտրուկ աճել է ռուսական զորքի ներխուժման վտանգը Ուկրաինայի տարածք»,- Տուսկի հայտարարությունն է մեջբերում «Ռոյթեր» գործակալությունը:
Միաժամանակ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մտավախություն ունի, որ ՄԱԿ-ի արտակարգ նիստ հրավիրելու՝ Մոսկվայի նախաձեռնությունը պատրվակ է դառնալու Ուկրաինայի արևելքում ռուսական զինուժ տեղակայելու համար: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի՝ երեկ կայացած նիստի ժամանակ Ուկրաինայում տիրող իրավիճակն անվանել էր հումանիտար աղետ և Մոսկվայի անունից օգնություն առաջարկել Կիևին:
ՆԱՏՕ- ում համոզված են, որ հումանիտար խաղաղարար առաքելության պատրվակով Ռուսաստանը զորք է մտցնելու Ուկրաինայի արևելյան շրջաններ: ՄԱԿ-ում Չուրկինի ելույթից հետո կառույցում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլիչենկոն հերքել է Ռուսաստանի ներկայացուցիչների պնդումներն իր երկրում հումնաիտար աղետի մասին։
Արևմտյան երկներն իրենց հերթին նիստի ժամանակ Մոսկվային մեղադրել են հարևան երկրում իրավիճակը սրելու մեջ: Ռուսաստանի աղմկոտ հայտարարություններին այսօր արձագանքել է Գերմանիան: Այս երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ Մոսկվան պետք է զերծ մնա իրավիճակի սրացման փորձերից և հրաժարվի ռուս-ուկրաինական սահմանին զորակազմի ավելացումից։