Քաղաքական

Ո՞ւր մնացին 12 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կորուստները, հարցնում է ԼՂՀ ՊՆ- ն

Ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություններ: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածվա՞ծ, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը: Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ…

Հարց է առաջանում, իսկ ու՞ր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները… Ու՞ր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենցնույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ… Կամ ինչու՞ է Ադրբեջանը “մոռանում”, իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել նույն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ կրած 6 զոհի և 7 վիրավորի քանակական տվյալները, որոնց մասին ևս առանձին հրապարակումներ են եղել հենց ադրբեջանական մամուլում…

Կարելի է այս հարցերի շարքը շարունակել և մատնացույց անել մյուս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրությունը…

Զարմանալի է, որ Բաքվի ագիտպրոպը գրեթե ամեն օր առանձին-առանձին  իր քարոզչամիջոցներով  ներկայացնում  է  ադրբեջանա-ղարաբաղյան  ընդհարումների  ժամանակ կրած  սեփական  կորուստների  մասին  հաղորդագրություններ,  սակայն չգիտես ինչու՝ այդ չարաբաստիկ  13  զոհերի  թիվը  տակավին  շարունակում  է  մնալ անփոփոխ ու քարացած: Չլինի՞ ադրբեջանական քարոզչությունը թևակոխել է մարտավարության այնպիսի փուլ, որը նպատակաուղղված  է  սեփական հանրությանը հիամարացնելու ճանապարհով՝ պարտակել տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող  բանակի անճարակությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button