ԿարևորՔաղաքական

Հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության զգացում

«Ադրբեջանի նոր արկածախնդրությունը, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի և դարձել հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառ, առաջին հերթին ուղղված է ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի խաթարմանը»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը news.am- ին տված հարցազրույցում։

«ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել էին միջնորդների և միջազգային հանրության՝ ընդհանրապես, ուշադրությունն իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերի և դրանց կասեցման նպատակով գործնական և արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտության վրա։

Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի և վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության և անպատժելիության թյուր զգացում, ինչը՝ բանակցային գործընթացի և հակամարտության իրողություններից բոլորովին կտրված լինելու ֆոնին, հանգեցնում է միայն լարվածության խորացմանը և իրավիճակի վատթարացմանը։

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության ներկայիս կտրուկ աճը դարձավ Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ»,- նկատել է Կարեն Միրզոյանը։

Նշելով, որ ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ՝ ապակայունացնելու իրավիճակն առաջնագծում և բարձրացնելու լարվածության մակարդակը հակամարտության գոտում, ԼՂՀ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը «հետևողականորեն հանդես է գալիս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանը և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք վերջին անգամ ամբողջացված ներկայացվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. մայիսի 12-ի հայտարարությունում»։

«Համոզված ենք, որ նշված միջոցների անհապաղ կիրառումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի մշակումը, թույլ կտան կայունացնել իրավիճակը և արագ կարգավորել շփման գծում հնարավոր միջադեպերն ապագայում։

ԼՂՀ֊- ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում»,- ասել է արցախցի նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button