Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է գիտության գնահատման քանակական ցուցանիշը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մեկնարկել է «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը։ Հայաստանում գիտաչափության միջազգային դպրոցի կազմակերպումը հնարավորություն կընձեռի հայ գիտական հասարակությանը ներկայացնել գիտաչափության էությունը, կարևորությունն ու նշանակությունը գիտության զարգացման համար, ծանոթացնել ոլորտի միջազգային չափանիշներին, ներկայացնել գիտության զարգացման հայեցակարգերի միջազգային փորձն ու դրանց կիրառելիությունը Հայաստանի գիտության զարգացման գործում։ Գիտաչափության մեթոդն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, ամառային դպրոցում դասավանդելու համար հրավիրվել են միջազգային լավագույն մասնագետները:

Գիտությունը միայն լեզվական հմտությունն չէ, գիտական ցանկացած աշխատանք հնարավոր է և պետք է չափել`գնահատման համապատասխան չափանիշերով: Հնարավոր է չափել թե գիտական արդյունքի արժեքը և թե գիտական հիմնարկի աշխատանքի էությունը: Լինելով բավականին հայտնի և տարածված մեթոդ` գիտաչափությունն այսուհետ կիրառվելու է նաև Հայաստանում և Հայաստանն այս ոլորտում դառնալու է տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի բացմանը նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

«Մենք ունենք բազմաթիվ գիտնականներ, որոնք տարբեր ամբիոններից, դոշ ծեծելով, պնդում են, որ իրենք հանճարեղ գործեր են անում: Այդպես չի: Կան մեթոդներ, կա գիտաչափություն կոչված գիտություն, որի միջոցով հնարավոր է գնահատել ցանկացած գիտական աշխատանք, ցանկացած գիտնականի»,- ասաց նա։

Եթե գիտաչափությունն այդքան կարևոր է գիտության ասպարեզում, ինչու է Հայաստանն այդքան ուշ անցնում այս մեթոդին, չգիտեի՞ն դրա մասին, թե՞ պարզապես նպատակահարմար չէր: Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ Սամվել Հարությունյանը չբացառեց, որ խնդիրը կարծրացած մոտեցման մեջ է և ոչ թե անտեղյակության։ «Խորհրդային Միությունը շատ քիչ էր հենվում նման ինֆորմացիայի վրա, դա էլ իր բացատրությունն ունի.գիտությունը հենված էր ռազմական ուսումնասիրությունների վրա և առանձնապես շահագրգռվածություն չկար, որպեսզի այդ ինֆորմացիան բաց լինի և հնարավոր լինի ինչ- որ ձևով գնահատել դա: Հիմա մենք անկախ և բավականին լուրջ գիտություն ունեցող պետություն ենք և պարտավոր ենք ունենալ նմանատիպ կառույցներ»։

Գիտության գնահատման քանակական ցուցանիշը ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է նպաստել ազգային գիտության զարգացմանը և ինտեգրմանը գիտական միջազգային շուկային` կարևորելով գիտաչափության դերը նշեց Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը։

Նշենք, որ երիտասարդ գիտնականների դպրոցն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button