Վերլուծական

Հակառակորդի մոտ խուճապային վիճակ է, արձանագրում են հետախույզներն ու տեղեկատվական անվտանգության մասնագետները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին ղարաբաղա- ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հատուկ նշանակության խմբի հետախույզներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ հայկական կողմն արել է այն ամենը, ինչը հնարավոր էր: Ըստ հատուկ նշանակության խմբի հրամանատարի տեղակալ Արտակ Բագրատյանի` ադրբեջանական կողմը փորձարկում է իրենց դիվերսանտների կարողությունները և միառժամանակ փորձում իմանալ հայկական կողմի զորամիավորումների թույլ տեղերը: Իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ երկու կողմերի միջև ոչ թե պատերազմական լայնածավալ գործողություններ են ընթանում, այլ տեղեկատվական: Հայաստանը կարողանում է ճիշտ տեղեկատվությամբ ներկայանալ միջազգային հանրությանը՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: 

Ոչ թե պատերազմական լայնածավալ գործողություններ, այլ տեղեկատվական պատերազմ, որը վերջին օրերին տեղի է ունենում երկու կողմերի միջև, կարծիքը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանինն է, ով նշեց, որ այս պատերազմում կիրառվեցին քարոզչական հնարքներ, ինչն էլ հանրության մոտ ձևավորել էր այն պատկերը, թե սկսվել է ռազմական խոշոր օպերացիա։

«Ադրբեջանական քարոզչությունն ուղղված էր դեպի մեր լսարան և կարող եմ ուրախությամբ ասել, որ մեր լուրջ լրտատվամիջոցները չկերան իրենց կուտը և փորձում էին իրենց սեփական կամ պետական աղբյուրներից օգտվել: Նաև փորձ կատարվեց մեր բնակչության ներսում խուճապ կամ ապատեղեկատվություն տարածել: Ցավոք սրտի՝ այստեղ խնդիրներ ունենք: Լուրեր սկսեցին տարածվել մոբիլիզացիայի մասին, լուրեր տարածվեցին, որ Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է և ուզում է փախնել, բայց էլի մի փոքր ուշացումով, բայց կասեցվեց»,- ասում է Տիգրան Քոչարյանը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետի խոսքով՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանում շատերը չեն ցանկանում մասնակցել պատերազմին, քանի որ հիմնականում Բաքվի երիտասարդությունն այն համարում է ոչ թե իր, այլ՝ Ալիևյան վարչակազմի պատերազմը։

Ավագ հետախույզ Վարդան Ենոքյանն էլ է կարծում, որ խուճապային իրավիճակ ամենևին չկա: Խուճապն ակնհայտ է հակառակորդի կողմում։ Այն, որ Ադրբեջանում իրավիճակն ավելի լուրջ է, հաստատում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը և շեշտում՝ վերջին տարիներին Բաքուն իր բնակչությանը կերակրում էր այն մտքերով, որ իրենց մեկ փռշտոցից Հայաստանն ու Ղարաբաղը զենքերը վայր կդնեն: Չնայած որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում բանակը հզորացնելու համար, այնուամենայնիվ, վերջին օրերի բախումները ցույց տվեցին, որ հակառակորդի կորուստները գերազանցում են հայակական կողմինը։

Թեկուզև մեկ զոհից խուսափելու համար, Հատուկ նշանակության խմբի հրամանատարի տեղակալ Արտակ Բագրատյանի կարծիքով, պետք է արդիականացվի մեր սահմանային տարածքների պաշտպանությունը: «Պետք է սահմանի վրա կիրառել տեխնիկական միջոցներ»,- ասում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button