ԿարևորՔաղաքական

Ս. Օհանյան. Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռեւս ցածր է (լրացված)

լրացվել է ժամը 13։54- ին

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Սահմանին նոր լարվածությունը չի բացառվում, սակայն միաժամանակ քիչ հավանական է, որ այդ գործողությունները պատերազմի վերաճեն, այսօր մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից հետո ամեն բան խաղաղվելու հույս նախարարը չունի, բայց երկխոսությունն էլ նրա համար շատ կարեւոր է: Սեյրան Օհանյանը շեշտել է` ադրբեջանական կողմը,գերագնահատելով իր ուժերը, շարունակում է հայկական դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողությունների փորձերը և հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Մեր զինված ստորաբաժանումները վերջին օրերին կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիա` նախապատրաստված հակառակորդի հատուկ պատրաստությանստորաբաժանումների կողմից: 

Հայկական կողմի 6 ցավալի կորուստ, հակառակ կողմում` 8-9 անգամ ավելի զոհեր. Հայաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանի ձեռնարկած վերջին դիվերսիաների ու 26 բնակավայրերի գնդակոծման հետեւանքներն է ամփոփում եւ մեկ առ մեկ թվարկում մերօրյա հերոսների անունները:

Արյան ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճի վրա է: Հակառակորդ կողմը միշտ էլ բարձրագույն ղեկավարության հանդիպումներից առաջ բարձրացնում է լարվածությունը սահմանին, իսկ այս հանգստյան օրերին, հիշեցնենք, նախատեսված է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Երկխոսությունը, ըստ Սեյրան Օհանյանի, կարևոր է, բայց նաեւ քիչ հավանական, որ հանդիպումից հետո ամեն բան կխաղաղվի:

Օհանյանի համար սպասելի է` Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի լարված այս իրավիճակը պահպանել նաև նախագահների հանդիպումից հետո, սակայն քիչ հավանական է, որ այդ գործողությունները պատերազմի վերաճեն, «թեև որ սկսվի` մենք պատրաստ ենք»,-շեշտում է նախարարը: «Այս բախումները կարող են վերաճել փոքր, լոկալ բախումների, սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, գտնում եմ, որ դեռեւս ցածր է»։

Հայկական կողմը միշտ, իսկ այսուհետ ավելի համառորեն պայքարելու է, որպեսզի միջազգային հանրությունն ու միջնորդ կողմերը հստակ գնահատական տան իրադրությանը, ավելին` պատժիչ միջոցներ ձեռնարկեն հրադադարի խախտման մեղավորի` Ադրբեջանի հանդեպ: «Ներքուստ բոլորն էլ գիտեն` մեր կողմից հրադադարի խախտման ոչ հիմք կա, ոչ նպատակ, դա արտաքնապես ցույց տալուն հասնելու խնդիր մենք դեռ ունենք»,-շեշտում է նախարարը:

Հարեւան երկիրն իր իսկ ստի գերին է ու ապակողմնորոշում է միջնորդ կողմերին էլ: Այս երկրի ղեկավարությունն անգամ «Եռօրյա պատերազմ» անունովբրոշյուրներ էտպագրել և այս օրերի համար իր հորինած հաղթանակներից է պատմում: «Կարծում եմ`այդ երեքօրյա պատերազմը կարելի է փոխարինել երեք տոննա լապշայով այն ադրբեջանցիների ականջներին,  որոնքչեն հասկանում այդ ամենը»։

Ինչու է սահմանային այս լարվածության պայմաններում բացակայում ՀԱՊԿ արձագանքը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը: Նախարարը բացատրում է` սա այն իրավիճակը չէ, երբ այդ կառույցին դիմելու կարիքը կա: ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում: Իսկ ուկրաինական դեպքերի համատեքստում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, Օհանյանի համոզմամբ, չեն վտանգում Մոսկվայի հետ ռազմական ու ռազմավարական մեր գործակցությունը: «Այժմ այդ համագործակցությունը բարձր հիմքերի վրա է գտնվում, եւ ռիսկ չենք տեսնում, որ այն կարող է խախտվել»։

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաեւ «Ռադիոլուրի» հարցին, թե որքանով է հնարավոր ու անհրաժեշտ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում, ինչի մասին վերջերս սկսել է հաճախ խոսվել: Սեյրան Օհանյանն առանձնացնում է ու ընդգծում` Արցախը երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիների համեմատ յուրահատուկ է ու միակը` երրորդ ուժի ներկայության կարիք չկա: «Ճիշտ է` իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակ, քանի որ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները, բայց մենք մեր առջեւ դրված խնդիրներն ինքնուրույն կարող ենք լուծել, ու խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»։

Հարեւան, ոչ բարեկամ երկիրն ամեն օր ավելացնում է իր սպառազինությունը, բայց զենքի ղեկին էլ մարդ է պետք: Հայաստանի պաշտպանության նախարարը չի համեմատում, բայց նկատում է` մեր հրամկազմի թիկունքին ու մեր զինվորի կողքին արդեն հաղթած բանակի ազատամարտիկներն են: Ոչ մի շքանշան, պատվավոր աստիճան չի կարող փոխարինել այս աջակցությունը: Այսօր իրավիճակը չի պարտադրում, որ նրանց կազմած ջոկատները սահման բարձրանան: Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու կարիք էլ չկա: Հ այ զինվորն ամուր է իր դիրքում, ու ադրբեջանական անգամ վարձու խմբերն են իրենց վախճանը գտնում հայկական հողում:

Միաժամանակ, հայկական Զինված ուժերը շարունակում են համալրվել ժամկետային զինծառայողներով: Իսկ մարզերում ժամկետային զինծառայողների ներգրավմամբ նաեւ սոցիալական խնդիր է լուծվում: Նախարարի այսօրվա հանդիպումը լրագրողների հետ համընկավ նաեւ նրա վերանշանակման 100 օրը լրանալուն: Որպես այդ ընթացքում շատ կարեւոր ձեռքբերում` Սեյրան Օհանյանը շեշտում է` այս ընթացքում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով բանակում մեկ մահ է գրանցվել: Սա նշանակում է՝ կորուստների գրեթե բացառում:

Ցուցադրել ավելի
Back to top button