Տնտեսական

Գյուղնախարարը հորդորում է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր պտուղ- բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հետ հերթական խորհրդակցության ժամանակ հորդորել է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ։

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից, հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից , ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները, մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համարե,- ասել է Սերգո Կարապետյանը։

Նա խորհուրդ է տվել Մոսկվա եւ Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար:

Նախարարը կարևորել է նաև ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում անց է կացվելու Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդարկցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ՝ իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են մի շարք առաջարկներ`արտահանման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Առաջարկվել է Առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի ծագման սերտիֆիկատի տրամադրման ժամկետները կրճատել և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկում է արտահանման եռուն շրջանը, այն տրամադրել նաեւ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև նվազեցնել պահանջվող փաստաթղթերի քանակը։

Գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկները։

Ցուցադրել ավելի
Back to top button