ԿարևորՔաղաքական

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել սահմանագծից դիպուկահարների հետ քաշման ուղղությամբ…

Միջազգային կազմակերպություններին եւ պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից…

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք եւ անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:

Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր եւ վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:

Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը եւ ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

  •                ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների եւ գործողությունների բացառման ուղղությամբ:
  •            Միջազգային կազմակերպություններին եւ պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:

Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում:

«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն
«Օրինաց Երկիր» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն

Ցուցադրել ավելի
Back to top button