ԿարևորՎերլուծական

Ինչ ակնկալիքներ կան Սոչիի հանդիպումից. առաջիկա հանդիպման Ադրբեջանը գնում է պարտված.

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն Ադրբեջանի նախագահը գնում է պարտվածի վիճակում, լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն իր այս համոզմունքն է փոխանցել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Նրանք կարող են շարունակել սպառնալ, պնդել, թե չօգտագործված շատ զենքեր ունեն դեռ: Մենք էլ ունենք: Բայց հիմա նրանք արդեն հասկացան` իրենք իրենց քարոզչության եւ գերին են, եւ զոհը, ու մի քանի օրում Արցախը վերցնելու հույսերն անհիմն են»,-հայտարարել է քաղաքագետը:

Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր ընդգծել է` սահմանային վերջին միջադեպերն իրենց հետ բերեցին տագնապ, բայց նաեւ նորից հաղթողի հոգեբանություն։ «Եթե մեզ մոտ տագնապ է, ապա հակառակ կողմում վախ է»,-շեշտել է նա։

Բարձր արդյունքների սպասելիքներով
Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն Ադրբեջանի նախագահը ցանկանում էր ներկայանալ գոնե լոկալ հաղթանակներով, բայց այդ լոկալ հաղթանակի հույսով ձեռնարկած վերջին բախումների ու դիվերսիաների ժամանակ հարեւան երկիրն անգամ դրանց հույսը կորցրեց. քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դիտարկումն է: Քաղաքագետն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել վստահությամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` այս հանգստյան օրերին սպասվող հանդիպմանը Սերժ Սարգսյանն ավելի բարձր արդյունքների սպասելիքներով է ներկայանալու:

Ի՞նչ արդյունքներ ակնկալել, հետաքրքրվեց «Ռադիոլուրը»։ «Դա այն է, որ որեւէ մեկը` լինի պետություն, կազմակերպություն, անձ, չի փորձի պարտադրել իր կամքն Արցախի ժողովրդին, անգամ Ռուսաստանը։ Ինչո՞վ եք նրան տարբերում ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից: Հիմա փայլուն պահ է ստիպել նրանց` դիպուկահարներին հետ քաշել սահմանից, դադարեցնել դիվերսիաները»,- ասում է Լեւոն Մելիք- Շահնազարյանը։

Ադրբեջանն իր քարոզչության գերին է, բայց արդեն իրենք էլ իրենց հայտարարածին չեն հավատում: Չեն կարող հավատալ ու հավատացնել, թե դիվերսիաների ու բախումների նախաձեռնողը հայկական կողմն է, որովհետեւ չեն կարող պատճառ հնարել, թե ինչու են ադրբեջանցի զինվորների դիերը հայտնվել հայկական սահմանին: Եթե նրանց հարձակումները հաջողություն ունենային, կմեծանար պատերազմի վերսկսման ռիսկը, բայց «այսօր «դուխաթափ եղած են» Ադրբեջանի բնակչությունը, Ադրբեջանի բանակը, Ադրբեջանի մամաները, ում երեխաները ծառայում են ադրբեջանական բանակում»։

Միաժամանակ՝ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր չի ակնկալում: Փոխարենը՝ վստահությամբ սպասում է, որ վերջին իրադարձությունները կարագացնեն Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:

Սակայն այս ամենի համատեքստում մեզ համար մտահոգիչ հարցեր էլ են առաջ գալիս: Ադրբեջանը պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել իր բազաները, ուր Միացյալ Նահանգները կարող են տեղափոխել Աֆղանստանից դուրս բերվող զինտեխնիկան: Սա Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը դառնալու Ադրբեջանի հավակնության հիմքն է, ինչը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններն է սրում: Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները նաեւ Ադրբեջանի համար են կարեւոր, ուստի քաղաքագետը ոչ պատահական, ոչ էլ անկարեւոր չի համարում այն, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման վայրը Նյու Յորքից, Փարիզից տեղափոխվեց Սոչի։ «Սա միայն ու միայն նպատակ ունի խաղաղություն հաստատել այստեղ»,- ասաց։

Մեզ մոտ տագնապ է, հակառակ կողմում՝ վախ
Մեզ մոտ սահմանային վերջին միջադեպերը որոշակի տագնապ, այո, առաջացրին. նկատում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Պատերազմի հեռավոր վտանգի դեպքում անգամ դա խիստ բնական է, բայց եթե մեզ մոտ տագնապ է, ապա հակառակ կողմում վախ է: Հոգեբանը շեշտում է` այս իրադարձություններն առանձնահատկություն ունեին` մենք շահեցինք դիվիդենտներ անգամ նրանց փոխարեն: Ու դա հոգեբանորեն մեզ ավելի հանգիստ եւ ուժեղ դարձրեց:

Որպես վկայություն` սոցցանցերի բուռն քննարկումներն ու ճակատ մեկնելու պատրաստ առանձին ջոկատների կազմվելը։ «Վերջին դեպքերից հետո եւ մերոնց ռազմական ոգին բարձրացավ, եւ հայրենասիրական զգացմունքները սրվեցին, եւ նորից հաղթողի հոգեբանությունն արթնացավ: Իսկ ադրբեջանցիների մոտ` ճիշտ հակառակը: Նրանք եւս մեկ անգամ հասկացան, որ բոլոր դեպքերում սխալ է կարծել, թե իրենք կարող են հաղթել կամ նման մի բան։

Ռուսաստանի արձագանքը ռազմական դաշնակցի արձագանք չէր
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է` միջադեպերից կարողացանք մի քանի դասեր քաղել: Հայ հասարակությունը վերջապես հասկացավ` պետք է միասնական լինել: Հայաստանը զգաց` Ռուսաստանի արձագանքը ռազմական դաշնակցի արձագանք չէր: Ադրբեջանն էլ հասկացավ` իրենք պատրաստ չեն պատերազմի, հայկական դիրքերն իսկապես ամուր են, եւ որ Ռուսաստանը չարձագանքեց և չի էլ արձագանքելու։ Ադրբեջանը համոզվեց նաև, որ կարողանում ենք թշնամուն արժանի հակահարված տալ: Ամեն դեպքում՝ ակնկալվում է, որ առաջիկա հանդիպումը պետք է շատ հարցերի պատասխան տա։

Ցուցադրել ավելի
Back to top button