Հասարակություն

Թորքը էդքան դուխ չունի, որ ասի քինամ Ղարաբաղը վերցնեմ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արցախ- Երեւան

«Մենք ապրում ենք ազատ ու անկախ Արցախում, որին հասել ենք արյան գնով ու չենք պատրաստվում ոչ մի թիզ հող զիջել թշնամուն». Արցախում նման տրամադրություն ունեն բոլորը: Ինչպես ասում են՝ այն չքննարկվող թեմա է։ 80- ամյա մարտակերտցի Գրիշա պապը, ով հայտնի Հյուսնունցների ընտանքից է, Երևանից եկող, ինչպես ինքն է ասում, պիսրներին սկսում է պատմել Մարտակերտի պատմությունը:

Պատերազմի տարիներին ամենաշատը տառապանքները բաժին հասան Մարտակերտի գյուղերին ու բուն Մարտակերտ քաղաքին: Մեկ տարի մնաց գերության մեջ: Մեզ պարտադրված պատերազմում կարողացանք հաղթանակած դուրս գալ ու թուրքը հիմա ուղղակի ռիսկ չի անի ևս մեկ անգամ մեզ պատերազմ պարտադրի:

80- ամյա ծերունին պատմում է, որ երբ Մարտակերտն ազատագրվեց՝ առաջիններից մեկն էր, որ վերադարձավ հայրենի քաղաք: Դա 1994 թ հոկտեմբերի 30- ն էր: Ամենից շատ Գրիշա պապը ափսոսում է հարևանների համար: Ասում է մոտ 40 ընտանիք ապրում էին կողք- կողքի մեկ տան պես։ Հիմա նրանցից շատերը չկան, բայց Մարտակերտում արդեն նոր ու ոչ պակաս հայրենասեր սերունդ կա։ Միշտ ապրելու եմ այստեղ, ասում է, ու, ցույց տալով մեղվի փեթակները, հպարտությամբ ու քթի տակ ժպտալով նկատում. «Հայաստանում նման համի մեղր չես գտնի, քանի որ այս մեղրի մեջ ոգի ու հայրենասիրություն կա»։

«Աղջիկ ջան, դու մյուս անգամ նման հարց չտաս, ի՞նչ տարածքի ետ վերադարձի մասին է խոսքը»,- հարցս չի թողնում ավարտեմ Գրիշա պապն ու ասում՝ հիմա մի մասը բարձարձայն կասեմ, իսկ մտքիս եղածն էլ կուղարկեմ թուրքերին։

Ծնունդով Ստեփանակերտցի Ռիտա Կարապետյանն էլ մեկ րոպե անգամ չի մտածել հայրենի քաղաքը լքելու մասին: Նրան Ստեփանակերտում գրեթե բոլորն են ճանաչում, քանի որ ամենահամով ժիգյալով հացը հենց ինքն է պատրաստում: Ասում է, որ պատերազմի դժվարին տարիներին ընտանիքով մնացին Ստեփանակերտում. ամուսինը կռվում էր ճակատում, ինքն էլ թիկունքն էր պահում։ «Կռվի տարիներին ապրում էինք այն հույսով, որ մի օր Արցախը լինելու է ազատ ու անկախ ու մեր հույսերը արդարացան»,- ասում է տիկին Ռիտան ու արագ- արագ վառարանից հանում հերթական ժինգյալով հացը: «Մեր աշխարհի նման ոչ մեկը չունի, չկա մի երկիր, որ համեմատես»,- ասում։

Տիկին Ռիտան եւս լսել անգամ չի ուզում այն խոսակցությունները, թե տարածքների ետ պետք է վերադարձնեն։ «Թորքը էդքան դուխ չունի, որ ասի քինամ Ղարաբաղը վերցնեմ։ Չի կարա, մեր հայոց բանակը, մեր ուժն ո՞վ ունի»։

Ծնունդով մարտակերտցի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցն էլ վերջակետ է դնում այս խոսակցությանը,ասում է, որ Ադրբեջանը պարզապես պատերազմ սկսել չի կարող, նա միայն հոխորտում է։

Ցուցադրել ավելի
Back to top button