Տնտեսական

ԵՄ օգնությամբ հայրենիք վերադարձողները ստեղծում են իրենց բիզնեսը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Հայ օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանաու միգրացիային և միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը, որով արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձած քաղաքացուն հնարավորություն է տրվում իր աշխատանքը կազմակերպել տեղում պահանջվող գումարի 20 տոկոս ներդրմամբ: Արմավիրի մարզից 2 շահառու է ընդգրկվել ծրագրում։

Հայաստանի քաղաքացիները շատ հաճախ տարբեր պատճառներով հայտնվում են հանրապետության սահմաններից դուրս և որոշ ժամանակ անց վերադառնում հայրենիք: Տեղում աշխատըանք գտնելու նպատակով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Հայ օգնության միության հետ համատեղ Եվրամիության ֆինանսավորմամբ օգնության ձեռք է մեկնել նրանց «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի միջոցով: Այն իրականացվում է միայն 4 մարզում՝ Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում: 155 շահառուից ընտրվել է 75-ը, իսկ առաջարկված բիզնես ծրագրի ուսումնասիրության արդյունքում հավանության է արժանացել 16շահառուի ծրագիրը: Նրանք հետագայում ունենալու են անհատական բիզնեսը, գրանցվելու են որպես անհատ ձեռներեց կամ ՍՊԸ։

Դրամաշնորհը գույքի տեսքով տրամադրելուց հետո կազմակերպությունը հետևում է կազմակերպված գործունեության արդյունավետությանը, որի դրական ցուցանիշի դեպքում գույքն ամբողջությամբ դառնում է ձեռնարկատիրոջ սեփականությունը: «Մարդը կարիքի մեջ» գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ ծրագրի արդյունավետությունը նրանում է, որ իրենք խրախուսում են իրենց ծրագրի շահառուներին նոր աշխատետեղեր ստեղծել։

Այգեշատ գյուղից Թովմաս Մխիթարյանը զբաղվում է այգեգործությամբ: Նախորդ տարվա ցրտահարության պատճառով առաջին անգամ մեկնել էր ՌԴ Կրասնոդարի երկրամաս աշխատելու, 8 ամիս անց վերադարձել է և այժմ ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և շարունակել զբաղվել գյուղատնտեսությամբ: Տրամադրվող գույքը տրակտորն է մոտ 4 մլն դրամ արժողությամբ, որից 850 հազ դրամը ինքն է ներդնելու։

Վարդան Խաչատրյանն Էջմիածնից է, Մոսկվայի մարզում 6 ամիս զբաղվել է միջին բիզնեսով, առևտրային կատավարիչ է եղել, այժմ նույնպես առաջարկություն է ներկայացրել ծրագրի միջոցով ստեղծել փոքր բիզնես։ Ձկի ապխտման արտադրամասի համար շուրջ 4 մլն դրամի սահմաններում տրամադրվելու են սառնարաններ, անհրաժեշտ սարքավորումներ։

Ծրագրի մասնակից արմավիրցի շահառուները դեռ ներկայացնելու են իրենց բիզնես պլանը, այնուհետև օրինականացնելու են բիզնեսը և ծավալելու են անհրաժեշտ գործունեություն:

Ցուցադրել ավելի
Back to top button