Քաղաքական

Ասորիների ցեղասպանության 100- րդ տարելիցին Նինվեում այլեւս ասորիներ չկան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աշխարհում սփռված 2.5 մլն ասորիները դիմում են միջազգային հանրությանը` պահանջելով ճանաչել նաև իրենց ցեղասպանությունը։ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևն այսօր նշել է, որ եթե 100-րդ տարելիցը լրանա, ասորիների, հույների և ազգային մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունները կդասվեն մոռացված ցեղասպանություններին շարքին: Հայաստանում Արևելքի ասորական ընդհանրական Սուրբ Առաքելական Եկեղեցու սարկավագ Նիկադիմ Յուխանաևն էլ հայտնել է, որ Նինվեում արդեն 2 կիրակի է, որ պատարագ չի մատուցվում:

Քչերին է հայտնի, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի կողքին կան նաև 850 000 քրիստոնյա ասորիներ: Մի քանի օրից լրանում է նաև ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Դա է պատճառը, որ ասորական բոլոր եկեղեցիներն այս օրերին պատարագ են մատուցում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, լրագրողների հետ զրույցում նշեց ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևը։ «Եթե հայերի ցեղասպանությունը 20-ական թթ ավարտվեց, ասորիների ցեղասպանությունը, ցավոք սրտի, շարունակվում է մինչև այսօր: Այն, ինչ այսօր կատարվում է Իրաքում, հատկապես Մոսուլում՝ իրենց պապենական հողերի վրա, Նինվեի տարածքում ահավոր վիճակում են քրիստոնյաները և հատկապես` ասորիները, որպես բնիկներ: Ասորիներից պահանջում են դավանափոխ լինել, իսկ նրանք, ովքեր մնում են քրիստոնյա, նրանց վրա այնպիսի հարկեր են դնում, որ ստիպված ասորիները մեկ անգամ ևս լքում են իրենց պապենական հողերը»,- ասում է նա։

Վերջին 2000 տարվա ընթացքում առաջին անգամ Նինվեում արդեն երկու կիրակի է` պատարագ չի մատուցվում: Պատճառն այն է, որ այդտեղ ասորիներ այլևս չկան: Նրանք ստիպված են եղել լքել իրենց տները, նշեց Հայաստանում Արևելքի ասորական ընդհանրական Սուրբ Առաքելական Եկեղեցու սարկավագ Նիկադիմ Յուխանաևը։ «Մոսուլում ասորի ոչ մի ընտանիք չկա, դա մտածելու տեղիք է տալիս: Այն տարածքներում, որտեղ քրիստոնեությունն է ծնվել, զարգացել, այսօր կանգնած ենք մի փաստի առջև, որ կարող է կորցնենք այդ ամենը»։

Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100- րդ տարելիցը, բայց մինչ օրս, բացի Շվեդիայից, Ավստրալիայից և Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիայից, այլևս ոչ մի պետություն պաշտոնապես չի ընդունել ասորիների ցեղասպանությունը: Այս հանգամանքը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն Ռազմիկ Խոսրոևին, այլև ամբողջ աշխարհի ասորիներին, քանի որ եթե 100- ամյակը լրանա, ասորիների, հույների և ազգային մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունները կդասվեն մոռացված ցեղասպանություններին շարքին։

«Մենք այնքան ռեսուրսներ չունենք, ինչքան հայերը: Մենք չունենք պետականություն, Սահմանադրություն, որտեղ նշված լինի: Իսկ ինչու Հայաստանը մինչև հիմա չի ընդունել: Անցյալ տարի Հայաստանի կառավարությունը մերժեց։ Պատճառաբանեցին, որ ձևակերպումը ճիշտ չէ, և ուզում են, որ այդտեղ շվի նաև ազգային մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունները: Բայց ես գիտեմ, դրա հիմնական պատճառն իհարկե այն է, որ եթե Եվրախորհուրդը ընդունած լիներ հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, ոչ միայն Հայաստանը, այլև շատ երկրներ կընդունեին այդ ցեղասպանությունը»։

Այսպիսով` Համաշխարհային ասորական միությունը Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի նախաշեմին դիմում է աշխարհի դիվանագետներին և դատապարտում Թուրքիայի կողմից 1915 թ. հայերի, ասորիների և հույների նկատմամբ ցեղասպանությունը մերժող քաղաքականությունը ու պահանջում արդարության վերականգնում, Թուրքիայի տարածքում ապրած ազգային փոքրամասնությունների ինքնության ճանաչում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button